Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ նախաձեռնությունն է Կոնսերվատորիայում ստորագրահավաք-իրարանցումը. ուսանողները դեմ են նաև տարիներ անց կառուցվող «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուն

Կոնսերվատորիայում ստորագրահավաքը միմիայն մեր նախաձեռնությունն է, և որևէ խմբի կամ ուժի կողմից ուղղորդվածություն չկա. ուսանողները դեմ են նաև «Ակադեմիական քաղաք» տեղափոխվելուն
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները, դասախոսներն ու շրջանավարտներն այսօր առավոտից ստորագրահավաք են իրականացնում։ Պատճառը վերջին օրերին իբրև թե Կոնսերվատորիայի շենքը վաճառելու, բուհը փակելու մասին տարածվող լուրերն էին։ 

Մեզ հետ զրույցում  Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դասախոս, արտերկրի քաղաքացիություն ունեցող ուսանողների ուսումնական հարցերով պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը մանրամասնեց, թե ինչից է առաջացել այս աղմուկը։ 
«Աղմուկը մի տարածված լուրի, բամբասանքի արդյունքում եղավ, համաձայն որի՝ իբրև թե Կոնսերվատորիան փակում են։ Դրա հիմքը «Ակադեմիական քաղաք» նախագծի առկայությունն է, դա նոր երևույթ չէ։ Մի կողմից՝ գիտենք, որ որոշում չկա, և գիտենք, որ այս պահին բանակցությունների, քննարկումների աշխատանքային ընթացքներ են, և մյուս կողմից՝ հանրության շրջանում, տարբեր մակարդակներում բարձրացված աղմուկն է առ այն, թե իբրև փակվում է Կոնսերվատորիան։ Կից նաև այլ զրույցներ, վերանորոգման հետ կապված տարատեսակ անհիմն շահարկումներ և այլն։ Մյուս կողմից էլ՝ պաշտոնյաների ելույթները եղան, որոնք, ցավոք, չցրեցին բոլոր կասկածները։ Մամուլի ասուլիսով հանդես եկավ ԿԳՄՍ նախարարության գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը, այնուհետև ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, և նրանց ելույթներում հնչեցին որոշ ձևակերպումներ, որոնք շարունակեցին մտահոգել, չմարեցին կասկածները։ Կար այսպիսի ձևակերպում, որ միայն խոշորացվող բուհերն ի վերջո կունենան պետական ֆինանսավորում»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։ 

Նա նաև նշեց, որ իրենց մտահոգել է նաև այն, որ պաշտոնյաներն այնպես են խոսում, որ տպավորություն է ստեղծվում, թե արդեն ունեն որոշում, սակայն իրենք դեռևս չունեն որևէ փաստաթուղթ, որևէ հանձնարարական։ Վերջինս տեղեկացրեց, որ իր տեղեկություններով՝ այսօր էլ պետք է ընթանար  քննարկում, աշխատաժողով բուհերի պրոռեկտորների մասնակցությամբ։ Իսկ երեկ իրենք հանդիպել են Սարգիս Հայոցյանի հետ և բարձրացրել իրենց հուզող հարցերը։ 

Լիլիթ Մարտիրոսյանը նաև տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունը բացառապես իրենցն է, և որևէ խմբի կամ որևէ ուժի կողմից ուղղորդվածություն չկա։ 

«Բոլոր այն շահարկումները, որոնք կցանկանան տեսնել այլ կառույցների կամ ուժերի ներկայություն կամ ուղղորդվածություն, շտապեմ հիասթափեցնել, և նրանք, ովքեր կցանկանան հետագայում շահարկել գուցե թե նախատեսվելիք այլ գործընթացներ և կուզենան կապել Կոնսերվատորիայի և այս նպատակի հետ կապված գործընթացների հետ, նույնպես շտապեմ հիասթափեցնել. սա ոչ մի կապ չունի և չի կարող կապ ունենալ միմյանց հետ։ Մենք ևս հիանալի գիտակցում ենք, որ շահարկումներ կարող են լինել, և զգուշավոր ենք»,- ասաց Լիլիթ Մարտիրոսյանը։

Մենք զրուցել ենք նաև ստորագրահավաքը նախաձեռնած ուսանողների հետ։ 

Թեև իշխող խմբակցության պատգամավորները երեկվանից հավաստիացնում են, որ շենքը չի վաճառվելու, և բուհը չի փակվելու, այդուհանդերձ ուսանողները նաև դեմ են, որպեսզի Կոնսերվատորիան, որպես միակ մասնագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն, տեղափոխվի «Ակադեմիական քաղաք»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ:

Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները:
 
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան