Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի վավերացրինք ԱՊՀ շրջանակներում ԱՊՀ ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագիրը. ԿԳՄՍ փոխնախարար

Այս տարի վավերացրինք ԱՊՀ շրջանակներում ԱՊՀ ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագիրը. ԿԳՄՍ փոխնախարար
Գիտություն
14:20, 27 декабрь 2021
«Միջազգային համագործակցության տեսանկյունից տարին շատ ակտիվ էր, ու տարվա շրջանակներում երկու շատ կարևոր նիստ արեցինք Հայաստանում։ Մեկը՝ ԱՊՀ կրթության խորհրդի նիստն էր, որն այս տարի նախագահում էր Հայաստանը՝ ի դեմս ինձ, և հոկտեմբերի 7-ին հյուրընկալեցինք ԱՊՀ կրթության խորհրդի 34-րդ նիստը, որտեղ ընդունվեցին համապատասխան որոշումներ»,- այդ մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ հոկտեմբերին հյուընկալել են ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Այս միջոցառումները զուգահեռ էին տեղի ունենում և ընթացան Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում՝ ավելի քան 70 մասնակցի մասնակցությամբ, որոնցից շուրջ հինգ տասնյակը՝ ԱՊՀ մի շարք երկրներից։  
«Մյուս տարի սեպտեմբերին Հայաստանում անցկացվելու է «Ստառմուս» 6-րդ փառատոնը։ Դա հանրապետության նախագահի և վարչապետի բարձր հովանու ներքո է անցկացվում, և ենթադրվում է, որ Հայաստանում երաժշտության և գիտության համադրությամբ այդ հետաքրքիր փառատոնը կլինի, որը Հայաստան բերելով աշխարհահռչակ ներկայացուցիչների՝ գիտության, կրթության ոլորտից, ի թիվս այլ հարցերի, մեծապես կմեծացնի հետաքրքրությունը սովորողների շրջանում՝ գիտության, մասնավորապես, բնագիտության նկատմամբ»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։ 

Փոխնախարարը նաև ասաց, որ մայիսին ուժի մեջ է մտել ՍԵՊԱ-ի կամ ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի՝ ԿԳՄՍ ոլորտներին առնչվող դրույթները, և այդ առումով դա նոր խթան կհանդիսանա ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման։ 

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ այս տարի նաև վավերացրել են ԱՊՀ շրջանակներում ԱՊՀ ցանցային համալսարանի ստեղծման համաձայնագիրը, որը նոր լիցք կհաղորդի միջբուհական հարաբերություններին արդեն ԱՊՀ տարածքում։