Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի բնակավայրերի մինչև 80 տոկոսը նախատեսվում է ապահովել լայնաշերտ ինտերնետով՝ միաժամանակ սահմանափակելով ապատեղեկատվության տարածումը. ՀՀ-ում 1-ին անգամ անցկացվում է Կապի եվրոպական գագաթնաժողովը

«Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը, այսօր ամբողջ աշխարհում 8 մլրդ մարդուց 2,7 մլրդ-ը դեռ ինտերնետ հասանելիություն չունի»,- ասում է Հայաստանի օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կապի եվրոպական գագաթնաժողովը։ Նպատակը արտերկրներից մասնագետներին համախմբելն է և ինտերնետ հասանելիությունը հեռավոր բնակավայրերում հասանելի դարձնելու շուրջ լուծումներ փնտրելը։ Հայաստանի բարձրագույն տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի խոսքով՝ Հայաստանում գործում են շուրջ 204 օպերատորներ, և Հայաստանը բավական լավ ենթակառուցվածքներ ունի ինտերնետ հասանելիության առումով։ Փոխնախարարի խոսքով՝ Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2026թ. ՀՀ բնակավայրերի մինչև 80 տոկոսն ապահովել լայնաշերտ ինտերնետով.

«Այս պահին Հայաստանի բնակավայրերի 66,6 տոկոսն է ապահովված լայնաշերտ ինտերնետով, ինչը կազմում է բնակչության 96 տոկոսը»։ Մեր հարցին՝ ո՞ր բնակավայրերում ինտերնետ հասանելիություն չկա, փոխնախարարն արձագանքեց. «Հեռավոր շատ փոքր բնակչությամբ և ներդրումների համար տնտեսապես ոչ նպատակահարմար բնակավայրերն են, որոնք այս պահին լայնաշերտ ինտերնետով ապահովված չեն, չնայած այդ բնակավայրերը շարժական ինտերնետով 2 մգբթ և ավելի ինտերնետով ապահովված են»։  

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Իգոր Մկրտումյանի խոսքով՝ Համաշխարհային բանկի ուսումնասիրություններով՝ Հայաստանում հնարավոր է գրեթե բոլոր վայրերում ունենալ լայնաշերտ ինտերնետ, սակայն կա եկամուտների ճեղքվածք: «Այն ընտանիքներում, որտեղ 100.000 դրամից պակաս եկամուտ ունեն, չեն կարող իրենց թույլ տալ ամսական 10.000 դրամ վճարել լայնաշերտ ինտերնետի համար»,- ասում է Իգոր Մկրտումյանն ու հավելում.

«Մենք հիմա իրականացնում ենք մի ծրագիր, որով Լոռու մարզի բոլոր գյուղական գրադարաններն ապահովում ենք լայնաշերտ ինտերնետով, որպեսզի գրադարանի այցելուներն իրենց նոթբուքերով, սմարթֆոններով գան՝ կարողանան օգտվել»։    ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, կարևորելով համայնքներում ինտերնետ հասանելիության ապահովումը, նշում է. «Այսօր մենք ականատես ենք լինում ինտերնետի միջոցով կառավարվող մեքենաների, անօդաչու թռչող սարքերի և ինտերնետի միջոցով ինֆորմացիայի հասանելիության ահռելի չափաքանակի, որն իր հետ բերում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ մեծ մարտահրավերներ»։

Ինչ վերաբերում է մարտահրավերներին, Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ քայլեր են իրականացվում օրենսդրական կարգավորումներով սահմանափակելու ապատեղեկատվության տարածումը, ինչպես նաև ոչ թույլատրելի կոնտենտը երեխաների համար։

Կապի եվրոպական գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ինտերնետ հասարակության ներկայացուցիչներ՝ Վրաստանից, Ղրղզստանից, Հունաստանից։ Գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 6-ին և 7-ին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նարա Մարտիրոսյան