Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Պետական կառավարման ակադեմիայի մագիստրոսական դիպլոմների հանձնման արարողությանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Պետական կառավարման ակադեմիայի մագիստրոսական դիպլոմների հանձնման արարողությանը
Գիտություն
14:42, 14 июль 2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ակադեմիայի 2023 թվականի մագիստրոսական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ, Պետական կառավարման ակադեմիայի խորհրդի, գիտական խորհրդի անդամներ, ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմը, շրջանավարտներ, ուսանողներ:
 
Մագիստրատուրայի գերազանց շրջանավարտներին դիպլոմներ է հանձնել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
 
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել շրջանավարտներին և մաղթել հաջողություններ: «Կառավարման ակադեմիան տարիներ շարունակ մեր կառավարման համակարգում կարևոր դերակատարություն է ունեցել: Հուսով եմ, որ վերջին երկու տարիներին, երբ արդեն նախկին ուսանողները կրթություն էին ստանում, վերջին փոփոխությունները դրական են ազդել նրանց կրթական բովանդակության վրա:
 
Կառավարման լավ հմտություններ տալը և լավ հմտություններով օժտված մասնագետները պետության հիմքն են: Բայց, ցավոք, կառավարման վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք դրա մեծ պակասն ունենք, լավ մասնագետների մեծ պակաս ունենք: Անցյալում, ներկայում և ապագայում Կառավարման ակադեմիան այդ բացը լրացնելու կարևոր դերակատարություն է ունեցել, ունի, և հուսով եմ, կունենա:
 
Գործադիրից իմ գործընկերները կփաստեն, որ մենք շատ հաճախ վատ մասնագետին լավով փոխարինելու խնդիր ենք ունենում: Վատին հանում ենք, լավին չենք գտնում: Սա, ընդհանուր առմամբ, մեր հանրային կառավարման խնդիրներից մեկն է: Իրականում, հանրային կառավարման բարեփոխումներում շատ ենք հապաղել, և հուսով եմ, որ վերջին ամիսներին Կառավարության գործադրած ջանքերը հաջողությամբ կպսակվեն: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այդ բարեփոխումների համար առանձին հատվածներով երկու փոխվարչապետներն ու Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանատվություն են ստանձնել, որպեսզի այդ բարեփոխումն արագ ընթանա: Վստահ եմ, որ առաջիկա ամիսներին դրա արդյունքը կտեսնենք: Իսկ այդ բարեփոխումները կյանքի կոչելու առումով ձեր մասնակցությունը շատ կարևոր է լինելու:
 
Ուստի ուզում եմ մեծ ուշադրություն դարձնեք այն մրցույթներին, որոնք իրականացնում ենք, չլսեք ոչ մեկին, ով կողքից կասի, թե այս մրցույթի ճակատագիրը կանխորոշված է, արդեն գիտեն այստեղ ով է աշխատանքի անցնելու: Հատկապես աշխատակազմում մենք շատ ենք ցանկանում, որ լավ մասնագետներ գան: Պետք է ձեզ ասեմ, որ մեր ներկա մրցույթներին, երբ մարդիկ տեսել են, որ լավ մասնագետներն իրենց տեղն աշխատակազմում գտնում են, մոտ 20 մասնակից ենք ունենում ամեն մրցույթին:
 
Նորից ուզում եմ շնորհավորել ձեզ, բոլորիս, Կառավարման ակադեմիային այսօրվա առիթով, բարի երթ մաղթել մեր շրջանավարտներին և վստահ լինել, որ իրենք իրենց մեծ լուման են ներդնելու մեր պետության, պետական համակարգի կայացման գործում», - նշել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը: