Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուսանողը ԲՏՃՄ ուղղություններից մեկը կընտրի, կստանա սահմանված բարձր կրթաթոշակը, բայց ուսուցչի աշխատանքի փոխարեն ծրագրավորող կդառնա. ուսուցչի աշխատանքը պետք է հրապուրիչ դարձնենք. կրթության փորձագետ

Ուսանողը ԲՏՃՄ ուղղություններից մեկը կընտրի, կստանա սահմանված բարձր կրթաթոշակը, բայց ուսուցչի աշխատանքի փոխարեն ծրագրավորող կդառնա. ուսուցչի աշխատանքը պետք է հրապուրիչ դարձնենք. կրթության փորձագետ
Գիտություն
18:17, 25 август 2023
Բուհերում նոր ուսումնական տարվանից կրթաթոշակի տրամադրման պայմանների փոփոխություն է նախատեսվում։ Կառավարությունը երեկ՝ օգոստոսի 25-ին, հավանություն տվեց նախագծին։  

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ եթե մինչ այս յուրաքանչյուր ուսանողի տրվում էր ամսական 4000-5000 դրամ, ապա նոր ուսումնական տարվանից այդ կարգը նոր ընդունվողների համար այլևս չի գործի։  

Ըստ նախագծի՝ առաջին փուլով սահմանվել է պետության համար առաջնահերթ կարևոր մասնագիտությունների ցանկը, դրանք են՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղությունները: «Վերջին տարիներին գրեթե ոչ ոք չի դիմում այս ուղղություններով ուսուցիչ դառնալու համար, իսկ ուսուցիչների տարիքը ցույց է տալիս, որ մենք առաջիկայում կարիք ենք ունենալու երիտասարդ ուսուցիչների, որպեսզի դպրոցներում այս առարկաները դասավանդվեն»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  
Նրա խոսքով՝ այս մասնագիտություններն ընտրած ուսանողների համար կսահմանվի ամսական 70.000 դրամ կրթաթոշակ, իսկ գերազանց առաջադիմության պարագայում՝ 77.000 դրամ: «Կարծում ենք՝ սա էական ազդեցություն կունենա այս ուղղությամբ ուսանողների թվի աճի վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մեծ մասը մարզաբնակ են և լրացուցիչ սոցիալական խնդիրներ կարգավորելու կարիք են ունենում։ Առաջին տարում կրթաթոշակ կստանան այս ուղղությամբ սովորող բոլոր ուսանողները, իսկ երկրորդ տարուց կգործի առաջադիմության շեմ»,- նշել է նախարարը։

 Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխությանը, տեսակետ հայտնեց, որ ուսանողը կարող է ԲՏՃՄ ուղղություններից մեկն ըտրել և ստանալ սահմանված բարձր կրթաթոշակ, սակայն ավարտելուց հետո ոչ թե ուսուցիչ, այլ օրինակ՝ ծրագրավորող աշխատել. «ԲՏՃՄ առարկաների ոլորտում, եթե դու մաթեմատիկայից և ֆիզիկայից լավ ես, կարող ես հեշտությամբ օրինակ՝ ծրագրավորողի աշխատանք գտնել։ Ես համարում եմ, որ նախարարության այս կարգավորումը շղթայի մի օղակն է։ Եթե մենք ուզում ենք այդ խնդիրը լուծել, պետք է վերջից գանք՝ ուսուցչի աշխատանքը դարձնենք հրապուրիչ»։   

Փորձագետի խոսքով՝ թեպետ դպրոցների ուսուցիչների համար ատեստավորման, այդ թվում՝ կամավոր ատեստավորման համակարգ կա, որի արդյունքներով ուսուցիչները կարող են բարձր աշխատավարձ ստանալ, սակայն քչերն են դիմում կամավոր ատեստավորման, և  ուսուցչի աշխատավարձը շարունակում է ցածր մնալ: «Բարձր աշխատավարձն առաջարկվում է, բայց դիմորդները քիչ են, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ ուսուցիչները չեն դիմում»,- ասաց նա ու հավելեց. «Բազմաթիվ բողոքներ կան թեստերի հարցերի որակի վերաբերյալ»։ 
Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ՝ ուսուցչի որակավորման տարակարգի՝ մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշի ստուգման համար նախատեսված հավելավճարը ևս քիչ է: «Այս դեպքում առավելագույն հավելավճարը հիսուն տոկոսն է»,- ընդգծեց փորձագետը։   
 
ԿԳՄՍ նախարարը, կառավարության նիստում ներկայացնելով կրթաթոշակներին առնչվող փոփոխությունները, նաև ընդգծել էր, որ բարելավվել է հաշմանդամություն ունեցող և առանց ծնողական խնամքի մնացած ուսանողների կրթաթոշակի չափը և սահմանվել ամսական 50.000 դրամ։ Մինչդեռ ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ այս քաղաքականությունը հետագայում պետք է վերանայվի, և կրթաթոշակներ տրվեն միայն լավ սովորողներին. «Մենք կապը կրթության որակի հետ պետք է պահենք, որովհետև մենք մարդուն վատ մեսիջ ենք տալիս, եթե կրթաթոշակը սահմանում ենք միայն նրա հաշմանդամություն ունենալու համար։ Մեսիջը պետք է լինի հետևյալը՝ կրթաթոշակ ստանում են, որովհետև լավ են սովորում, անկախ նրանից՝ մարզի՞ց են, հաշմանդամությո՞ւն ունեն, թե՞ սոցիալապես անապահով են։ Եթե մարդը սոցիալական խնդիր ունի, այդ հարցերով պետք է զբաղվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»,- ասել է վարչապետը։

 Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի դիտարկմամբ էլ՝ բոլոր անվճար սովորող ուսանողների համար սահմանված 4000-5000 դրամ կրթաթոշակները վերացնելը խնդիր չէ, բայց կարիքավոր ուսանողներին աջակցել է պետք։ 
 
Փորձագետը նշեց, որ աշխարհում կա երկու տեսակի կրթաթոշակ՝ մեկն ակադեմիական առաջադիմության համար, իսկ մյուսը՝ սոցիալական  վիճակի, և ընդգծեց, որ երկուսն էլ կարևոր են. «Սոցիալապես անապահով ուսանողներին աջակցել է պետք, որպեսզի նրանց համար բարձրագույն կրթությունը մատչելի լինի։ Այսօր Հայաստանում շատ շնորհալի երեխաներ կան, որոնք ֆինանսական պատճառներով բուհ չեն ընդունվում, որովհետև չեն կարողանում կրկնուսույցի մոտ պարապել, բայց լիարժեք ունակություններով երեխաներ են»։  

Սերոբ Խաչատրյանը հիշատակեց, որ թեպետ ներկայումս էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ունի ծրագիր՝ սոցիալական խնդիրներից ելնելով ուսանողներին զեղչեր տրամադրելու կամ կազմակերպությունների կողմից այդ ուսանողների կրթավճարներն ապահովելու, բայց սրան զուգահեռ պետք է կրթաթոշակ տրամադրվի կամ ԿԳՄՍ նախարարության, կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից. «Կամ էլ համատեղ լինի, առանց սոցիալական կրթաթոշակների չի լինի՝ դա ամբողջ աշխարհում ընդունված է։ Նույնիսկ ամենահայտնի համալսարանները տվյալ երկրի քաղաքացու ընտանիքի եկամտից ելնելով տրամադրում են զեղչեր»։ 

Նշենք, որ կառավարության հավանությանն արժանացած՝ «Բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կենսաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային կարևորություն ներկայացնող մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկը հաստատելու մասին» նախագծով կրթաթոշակների վերանայման առաջարկը կգործի այս տարի ընդունվող ուսանողների համար, իսկ արդեն սովորողները կշարունակեն ստանալ իրենց կրթաթոշակը մինչև կրթության ավարտը։ 

Նարա Մարտիրոսյան