Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռիսկի չենք դիմի, ամենակարևորը՝ մեր տղաները լինեն առողջ, առանց վնասվածքի. հայ մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Ռիսկի չենք դիմի, ամենակարևորը՝ մեր տղաները լինեն առողջ, առանց վնասվածքի. հայ մարմնամարզիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
15:14, 29 февраль 2024
«Աշխարհի գավաթի փուլերը տարբերվում էին բոլորից, քանի որ վարկանիշային էին։ Եթե նախկինում  մասնակցում էր 45 երկիր, այս տարի մասնակցում էր 75-ը։ Մենք գնում էինք պայքարելու վարկանիշի համար, հիմա անորոշ վիճակ է, իսկ մարտի 5-ից սկսվում է 3-րդ փուլը Բաքվում, մենք չենք մասնակցելու. այստեղ է  մեր խնդիրը։ Վերջնական՝ 4-րդ փուլը կլինի Դոհայում ապրիլին»։ Այս մասին այսօր «Մարմնամարզության աշխարհի գավաթի 2 փուլերի արդյունքների ամփոփում» թեմայով ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Նա նշեց, որ Եվրոպայի առաջնությունը առանձին պատրաստվածություն է պահանջում։ Մարզիկները գնալու են Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի. «Մենք շատ լուրջ պատրաստվում ենք։ Փորձում ենք ձևավորել լավ թիմ, քանի որ երիտասարդների թիմը 2027 թվականին արդեն կհամարվի մեծահասակների»։ 
Հարցին, թե մարզադպրոցի ծրագիրը ի՞նչ փուլում է, մարմնամարզության աշխարհի գավաթի արծաթե և բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյանն ասաց, որ նախագիծը պատրաստ է, հույս հատնեց, որ շինարարական աշխատանքները այս տարի կսկսվեն։ Գլխավոր մարզիչ Սերոբյանը հավելեց, որ իր կարծիքով՝ շինարարական աշխատանքները ուշանում են, քանի որ Եվրոպայի առաջնությանն ընդառաջ գալու են ստուգեն՝ արդյոք մարզադպրոցը համապատասխանո՞ւմ է չափանիշներին, և թեստային մրցույթ կազմակերպեն հասկանալու՝ ի վիճակի՞ ենք մասնակցելու, թե՞ ոչ։   

«Շատ հնարավոր է, որ կարողանամ չեմպիոն դառնալ, որովհետև շատ չնչին տարբերություն է եղել 1-ինից 2-րդ տեղ, 1-ինից 3-րդ տեղ, ու նույն հաջողությամբ կարող է մրցանակային եռյակը փոխվել»,-  այս մասին ասաց Վահագն Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը չբավարարեց 1-ին տեղի համար, և ինչպես կգնահատի իր հնարավորությունները 4-րդ էտապում ոսկի նվաճելու։ Նա նաև նշեց, որ վարժությունը ընդհանուր առմամբ վատ չի կատարել, պարզապես մրցավարական սխալների, թվանշանների պատճառով կարող է տարբերություն լինել, որը արդեն կարող է ազդել մրցանակային տեղի վրա։  Հակոբ Սերոբյանը հույս հայտնեց, որ Դոհայում կփոխվի մրցավարական կազմը, և ավելի օբյեկտիվ կդատեն մարզիկներին, քանի որ, ըստ նրա, գնահատականները անհասկանալի կերպով էին դրվում։

Մարմնամարզության աշխարհի գավաթի կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանն ասաց, որ Մարմնամարզության Հայաստանի առաջնությանը մասնակցելու է։ Այնուհետև կպատրաստվի մասնակցել աշխարհի գավաթին, Եվրոպայի առաջնությանը և Օլիմպիական խաղերին։ «Կփորձեմ մի ցատկս բարդացնել, եթե չստացվի՝ իմ ցատկերով կմասնակցեմ Օլիմպիական խաղերին»։ Հակոբ Սերոբյանը որպես մարզիչ ասաց, որ Դավթյանի ցատկերը չեն բարդացնի, քանի որ վնասվածքներ կան, իսկ նրանք ռիսկի չեն դիմի։ «Ամենակարևորը՝ մեր տղաները լինեն առողջ, առանց որևիցե վնասվածքի»։