Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի մարմնամարզիկները չեն մեկնի Բաքու. տեսանյութ

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Արմենպրեսսում» կայացած մամուլի ասուլիսում այսօր ամփոփեց մեր մարզիկների ելույթները աշխարհի գավաթի խաղարկությունում։

«Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նոր կանոնակարգով աշխարհի առաջնությանը մասնակցելու համար հարկավոր է միավորներ վաստակել աշխարհի գավաթի խաղարկություններում։ Այդ իսկ պատճառով մենք մասնակցեցինք Կոտբուսում և Դոհայում նախատեսված խաղարկություններին։

Մենք գերազանց հանդես եկան այդ մրցումներում՝ վաստակելով 6 մեդալ։ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն արդեն վաստակել են բավարար քանակությամբ միավորներ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Հարություն Մերդինյանն ու Արթուր Ավետիսյանը նույնպես առաջատարների թվում են։

Մարտի 15-ին մեկնելու ենք Կահիրե, որտեղ կայանալու է աշխարհի գավաթի երրորդ խաղարկությունը։ Չորրորդ՝ վերջին մրցաշարը, նախատեսված է Բաքվում, սակայն այն մենք բաց կթողնենք։ Հույս ունեմ, որ Կահիրեում մեր մարզիկները դարձյալ հաջող հանդես կգան և կնվաճեն աշխարհի առաջնության ուղեգրեր», - նշեց փորձառու մասնագետը։

Խոսելով Եվրոպայի առաջիկա առաջնությանը թիմային մրցումներին մասնակցելու հնարավորության մասին, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ դեռ չեն որոշել ինչ ձևաչափով են հանդես գալու այդ մրցաշարում։

«Եվրոպայի առաջնությունում մենք կարող ենք 10-12-չդ տեղերը գրավել թիմային առաջնությունում։ Սակայն, այդ դեպքում կնվազի տարբեր գործիքների վրա մեր մարզիկների մեդալ նվաճելու շանսերը, քանի որ նրանք հնարավոր է չհասցնեն վերականգնել ուժերը։ Մենք վերջնական որոշում դեռ չենք ընդունել այդ կապակցությամբ, սակայն ավելի նպատակահարմար է մասնակցենք անհատական մրցումներին», - եզրափակեց Հակոբ Սերոբյանը։

Գլխավոր մարզիչը վերջում ավելացրեց, որ վաղ է մտածել 2024թ ամառային օլիմպիական խաղերի մասին, սակայն նա հավելեց, որ Տոկիոյի խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը բոլոր հնարավորություններն ունի պայքարելու չեմպիոնի կոչման համար։