Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար»․ Խոակին Կապառոս

«Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար»․ Խոակին Կապառոս
Սպորտ
19:06, 05 сентябрь 2021
Սեպտեմբերի 4-ին՝ Շտուտգարտի «Մերսեդես-Բենց» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և հարձակվող Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը, փոխանցում է ՀՖՖ-ն։

-Սարգիս, ակումբային կարիերայիդ ամբողջ ընթացքում հանդես ես եկել գերմանական տարբեր առաջնություններում։ Արդյո՞ք վաղվա խաղը յուրահատուկ է քեզ համար։

-Վաղվա խաղը շատ առանձնահատուկ է ինձ համար, քանի որ ես արդեն 20 տարի է ապրում եմ Գերմանիայում, և միշտ երազել եմ Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղալ Գերմանիայի դեմ; Շատ ուրախ եմ, որ վերջապես ստացա այդ հնարավորությունը։  

-Բունդեսլիգայում արդեն երկու անգամ հասցրել ես գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը, ով Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահն է։ Եթե նա կանգնած լինի դարպասին՝ պատրա՞ստ ես դա կրկնել։

-Եթե Նոյերը խաղա վաղը, ապա ամեն ինչ կանեմ, որ ևս մեկ անգամ գրավեմ նրա դարպասը։  

-Պարոն Կապառոս, Սևիլյայի և Ատլետիկի ղեկին Դուք բազմիցս հաղթել եք գերհզոր ակումբների։ Համամի՞տ եք, որ կազմակերպվածությունն ու համախմբվածությունը կարող են չեղարկել մրցակցի բարձր կարգը։

-Բնականաբար, հավաքականների և ակումբային ֆուտբոլի մեջ տարբերությունը մեծ է։ Մենք շարունակում ենք աշխատել թիմային փիլիսոփայությամբ, և պետք է հավատարիմ լինենք այս գաղափարին։ Եթե ուզում ենք հաջողության հասնել, պետք է թիմային ֆուտբոլ խաղալ։  

-Ձեր գլխավորությամբ ազգային հավաքականն առաջին անգամ կխաղա նման ուժեղ հավաքականի դեմ։ Արդյո՞ք տղաներին լրացուցիչ մոտիվացնելու կարիք կա, թե՞ դա հակառակ ազդեցությունը կունենա։

-Այսպիսի հզոր թիմի դեմ խաղալը լրացուցիչ մոտիվացիա չի ենթադրում։ Մեր մոտիվացիան այն է, որ մենք խաղում ենք մեր ազգի և մեր երկրի համար։ Սա շատ բարդ, բայց միևնույն ժամանակ շատ հետաքրքիր մարտահրավեր է։