Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում. Կապառոսի հարցազրույցը ՈւԵՖԱ-ին

Երբ հայերին վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում. Կապառոսի հարցազրույցը ՈւԵՖԱ-ին
Սպորտ
12:26, 03 сентябрь 2021
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին ընդառաջ հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությանը՝ անդրադառնալով մի շարք թեմաների։

Տիպիկ հայ խաղացողի մասին.

- Տիպիկ հայ խաղացողը բավականին հպարտ է։ Դրանում իր դերն ունի հայկական մշակույթը և այն ամենն, ինչով անցել է հայ ժողովուրդը։ Այս երկիրը ստիպված է եղել անցնել բազում դժվարությունների միջով, բայց հայերը գիտեն՝ ինչպես տեր կանգնել իրենց։ Երբ նրանց վայր են գցում, նրանք կրկին ոտքի են կանգնում, և դա երևում է խաղադաշտում։ Հայաստանում մարդիկ շատ քաջ են ու շատ հպարտ՝ բառի լավ իմաստով։ Մենք կարողացել ենք օգտագործել դա և փոխանցել խաղացողներին։

Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց, և մարդիկ գիտեն դրա մասին։ Նախևառաջ, մենք թիմում ստեղծեցինք միմյանց հետ հաղորդակցման և շփման հիանալի մթնոլորտ, ինչը դժվար է, քանի որ մեր հանդերձարանում խոսում են չորս լեզուներով։ Մենք շփվում ենք հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Բայց կա նաև հաղորդակցության մի առանձնահատուկ՝ ոչ բանավոր տեսակ, ինչը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ միմյանց։

Հայաստանի հավաքականի ուժեղ կողմերի մասին.


Մեր գլխավոր որակն անձնազոհությունն է։ Երբ այս ֆուտբոլիստները կրում են ազգային հավաքականի մարզաշապիկը, նրանք զգացմունքային կերպարանափոխության են ենթարկվում։ Երբ դիտում ես այս ֆուտբոլիստների խաղն իրենց ակումբներում, իսկ հետո տեսնում նրանց ազգային հավաքականում, թվում է, թե քո առջև բոլորովին այլ խաղացողներ են։ Դա շատ կարևոր է։ Դա այն է, ինչը մենք փորձում ենք դարձնել մեր առավելությունը, մեր ուժեղ կողմերից մեկը, որը պետք է ի ցույց դնենք խաղադաշտում։

Որոշ երիտասարդ խաղացողներ արդեն թակում են դռները, որոշները գնում են արտերկիր և խաղում են արտասահմանում։ Գլոբալիզացիան թույլ է տալիս համեստ մարզական նվաճումներ ունեցող հավաքականներին ունենալ իրենց խաղացողներին նաև այլ առաջնություններում, և երբ նրանք հավաքվում են մեկ տեղում, ազգային թիմը դառնում է ավելի ուժեղ։ Կարծում եմ՝ սա այն է, ինչը պետք է տեղի ունենա և արդեն իսկ տեղի է ունենում։ Այն ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս ավելի ուժեղ ու մրցունակ առաջնություններում, հավաքական հրավիրվելուն պես ցուցադրում են իրենց ունակությունները։

Մենք ցանկանում ենք, որ այդ երիտասարդ տղաները խաղան ուժեղագույն լիգաներում՝ Անգլիայում, Իսպանայում, Գերմանիայում և այլն»,- ասել է 65-ամյա մասնագետը։