Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտունիում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն

Մարտունիում անցկացվել է բռնցքամարտի բաց առաջնություն
Սպորտ
19:29, 12 апрель 2022
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցել  բռնցքամարտի բաց առաջնություն, որին մասնակցել են  թիմեր Մարտունի խոշորացված համայնքից, Գյումրիից, Արցախից, Վանաձորից, Արթիկից, Երեւանի «Դինամո» ՄՀԿ-ից,  Շենգավիթի մարզադպրոցից, «Ռոբի» բռնցքամարտի ակումբից, Էջմիածինից, Հրազդանից, Ճամբարակից, Սեւանից, Լեռնագոգից, Եղեգնաձորից, Սիսիանից, Քաջարանից, Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Սարգսյանը, մրցաշարի կազմակերպիչներն են Մարտունու մարզադպրոցը եւ Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցել են  300 մարզիկ, որոնցից 10-ը՝ աղջիկներ։  Առաջնությանը թիմային հաշվարկով հաղթող ճանաչվեց Մարտունու մարզադպրոցը, 2-րդ տեղը զբաղեցրեց Վանաձոր քաղաքը, 3-րդ տեղը գրավեց Շենգավիթի մարզադպրոցը:

«Մենք այս ամռանն ունենք Հայաստանի բռնցքամարտի առաջնություններ, որոնց բարձր մակարդակով նախապատրաստվելու համար անցկացնում ենք նման կարգի ստուգատեսներ։ Սա մի հարթակ է, որտեղ մարզիկները փորձում են իրնեց ուժերը, ստուգում իրենց հնարավորությունները։ Այս առաջնությանը մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի ու քաղաքների բռնցքամարտիկները։

Բացի այդ, այս տարվա ապրիլի 30-ին Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի թիմը մեկնելու է Թբիլիսի՝ իր ուժերը չափելու տեղի բռնցքամարտի թիմի հետ, ուստի այս ստուգատեսը նաեւ այդ մրցաշարին նախապատրաստվելու լավ հնարավորություն էր»,-ներկայացրեց Գեւորգ Սարգսյանը։