Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Իրանում հայտարարվել է սգո օր. երեկվա ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ

Այսօր Իրանում հայտարարվել է սգո օր. երեկվա ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ
Աշխարհ
11:11, 04 январь 2024
Իրանի կառավարությունը հունվարի 4-ը սգո օր է հայտարարել ամբողջ երկրում՝ Քերման քաղաքի գերեզմանատան մոտ, որտեղ թաղված է գեներալ Ղասեմ Սուլեյմանին, տեղի ունեցած երկու պայթյունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Բահրամ Էյնոլլահին հաստատել է, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 95 մարդ:

«95 մարդ մահացել է. մի քանիսը մահացել են տեղում, մի շարք մարդիկ մահացել են հիվանդանոցներ տեղափոխվելուց հետո՝ ստացած վնասվածքների ծանրության պատճառով»,- մեջբերում է պարբերականը գերատեսչության ղեկավարի խոսքերը։

Չորեքշաբթի ավելի վաղ լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններով՝ զոհերի թիվը հասել է 103-ի, ևս 211-ը ստացել է վիրավորում։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ցավակցություն է հայտնել Իրանի Քերման քաղաքի գերեզմանատան մոտ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան հերթական տարելիցին նվիրված արարողության ժամանակ պայթյունների հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ խոստանալով կոշտ պատասխան չարագործների գործողություններին։ 

«Անմեղների արյունով ներկված ձեռքերն ու ստոր մտքերը, որոնք նրանց (հանցագործներին) հանգեցրել են այս սխալին, այսուհետ դառնալու են հալածանքների և արդարացի պատժի թիրախ։ Այս ողբերգությունը իր հետևից կբերի կոշտ պատասխան»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA-ն։