Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի մարզն ազատագրված է՝ աշխատում են սրճարանները, վարսավիրանոցները, բանկերը, տրանսպորտը. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ

Կիևի մարզն ազատագրված է՝ աշխատում են սրճարանները, վարսավիրանոցները, բանկերը, տրանսպորտը. Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ
Աշխարհ
14:54, 11 апрель 2022
«Կիևի մարզն ամբողջությամբ ազատագրված է և վերջին երեք օրվա ընթացքում հանգիստ է՝ հրթիռակոծություն չկա, կրակոցներ չկան։ Կիևում արդեն աշխատում են սրճարանները, վարսավիրանոցները, բանկերի մասնաճյուղերը, ինչպես նաև տրանսպորտը։ Մետրոյի 2 գծերն ամբողջությամբ աշխատում են, 3-րդը մասնակի է աշխատում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանն ու հավելեց, որ չնայած սրան՝ Կիևի քաղաքապետը Կիևը լքածներին կոչ է անում դեռևս 1 շաբաթ էլ չվերադառնալ, որովհետև հնարավոր է որոշ դիվերսիոն խմբեր մնացած լինեն ու բնակիչների համար վտանգ ստեղծեն. «Բայց մարդիկ, միևնույն է, վերադառնում են, ազատագրված Չեռնիգովի մարզ էլ են վերադառնում նույնիսկ։  Կիևում պարետային ժամը տևում է 21։00-ից մինչև առավոտյան 6։00-ը։ Քաղաքի կենտրոնում մարդիկ դեռ իջնում են ապաստարաններ և մետրոյի կայարաններ, երբ գիշերը միանում են սիրենաները»։  

Դավիթ Մկրտչյանն ընդգծեց, որ երեկ՝ Ծաղկազարդի տոնին, Կիևի հայերը հավաքվել են հայկական Սրբոց նահատակաց մատուռում՝ նշելու տոնը, և մեծ մասը նրանք էին, ովքեր այս 45-46-օրյա պատերազմի ժամանակ մնացել էին իրենց տներում ու հիմա էլ չեն պատրաստվում դուրս գալ Կիևից։  

«Ռուսները լքել են Կիևի, Չեռնիգովի և Սումիի մարզերը՝ ամբողջությամբ դուրս են եկել։ Իրպեն, Բուչա, Դիմերկա, Գոստոմել՝ Կիևի մարզի հյուսիսային այս հատվածներում 40 օրից ավելի ռուսներն են եղել, և հիմա ուկրաինական կողմը ականազերծման աշխատանքներ է կատարում։ Այնտեղ չկա հոսանք, չկա ջուր, հիմա աշխատանքներ են տարվում այդ ամենը վերականգնելու։ Այդ քաղաքներում բնակիչներ կան դեռևս, և մարդկանց, ովքեր վատ վիճակում են՝ բուժման խնդիր կա, դուրս են հանում այնտեղից, արդեն իսկ դուրս եկած ժողովրդին էլ դեռևս չեն թողնում վերադառնալ՝ մինչև աշխատանքներն ավարտեն»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է Դոնեցկի մարզի Մարիուպոլ քաղաքին՝ Դավիթ Մկրտչյանն ընդգծեց, որ այնտեղ դեռևս գիշեր-ցերեկ ռմբակոծություններ են. «Քաղաքում և ռուսական զորքն է, և ուկրաինական։ Երեկ մեկ ընտանիք՝ 2 երեխա՝ ծնողների հետ, դուրս է եկել Մարիուպոլից: Նրանց օգնել են իրենց Բերդյանսկի ընկերները։ Մարիուպոլում սարսափելի վիճակ է՝ սննդամթերքի, դեղորայքի պակաս կա, լույս ու գազ չկա։ Դիակները դրսերում են՝ թե ռուս, թե ուկրաինացի զինվորականների, թե խաղաղ բնակիչների։ Դեռևս դիակների կազմակերպված հավաք չկա, բնակիչները երբ տեսնում են կրակոցներ չկան՝ շենքերի կողքերը թաղում են դիակները։ Ինչպես հասկանում եմ, մեկ-երկու օրվա մեջ ռուսական կողմից նոր հարձակում է սպասվում Մարիուպոլի վրա»։    

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի խոսքով՝ ռուսական կողմն ամբողջությամբ վերահսկում է Խերսոնը, Մելիտոպոլը, Բերդյանսկը, Նիկոլաևի մարզը, Զապորոժեի, Խարկովի, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի կեսը, բայց պատերազմը շարունակվում է, և ուկրաինական կողմը նպատակ ունի ազատագրել այդ մարզերը: «Հայտարարված էր, որ միջազգային լեգիոն կստեղծվի՝ դրսից զորք կգա Ուկրաինայի համար կռվելու, բայց այդ ինֆորմացիան փակ է, թեպետ գիտենք, որ արտասահմանից եկածներ կան կռվողների մեջ։

Ուկրաինան 20 միլիոնանոց սփյուռք ունի, ու այդ եկածների մեծ մասը էթնիկ ուկրաինացիներն են, ովքեր 90-ականներին են դուրս եկել, կամ երկրորդ, երրորդ սերունդն են արտասահմանում։ Ես չեմ մտածում, որ ինչ-որ արաբներ կամ սևամորթներ են եկել կռվելու՝ նման ինֆորմացիա չունենք»,- հավելեց նա։ 
Դավիթ Մկրտչյանը հիշատակեց, որ ռուս-ուկրաինական պատերազմի այս ողջ ժամանակահատվածում հայազգի ներկայացուցիչներից արդեն 24 հաստատված զոհ կա, որից 5-ը զինվորականներ են, իսկ 19-ը՝ խաղաղ բնակիչներ։  

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահի խոսքով՝ Դոնբասի՝ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական իշխանություններն են օգնություն խնդրել Ռուսաստանից, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող մարդկանց, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանությունն է, որոնք 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: ՌԴ նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Մոսկվայի նպատակը Ուկրաինան օկուպացնելը չէ, այլ Ուկրաինայի ապառազմականացումը:

Նշենք, որ ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվել է 1,793 խաղաղ բնակիչ, որոնց թվում կան նաև երեխաներ։ Զոհվածներից 642-ը Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններից են։ 

Նարա Մարտիրոսյան