Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվան հավանաբար պատրաստվում է ձմեռային հարձակման Ուկրաինայում, բայց այն հազիվ թե հաջողությամբ պսակվի. ISW

Մոսկվան հավանաբար պատրաստվում է ձմեռային հարձակման Ուկրաինայում, բայց այն հազիվ թե հաջողությամբ պսակվի. ISW
Աշխարհ
11:34, 19 декабрь 2022
Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) իր ամենօրյա ամփոփագիր-վերլուծություններում ենթադրել է, որ վերջերս Ռուսաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության այցերի ու խորհրդակցությունների ցուցադրությունները ռուսական հեռուստատեսությամբ, ինչպես նաև Պուտինի և Լուկաշենկոյի այսօր նախատեսված հանդիպումը վկայում են այն մասին, որ Մոսկվան առաջիկա ամիսներին պատրաստվում է ինչ-որ վճռական գործողությունների ճակատում, բայց այդ գործողությունները հազիվ թե հաջողությամբ պսակվեն: 

ISW-ն կարծում է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Ուկրաինայում ռուսական ուժերի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին երկու օրերի խորհրդակցությունների ցուցադրությունը, ինչպես նաև Շոյգուի այցը Հարավային ռազմական օկրուգ պատասխանն է ռուս ռազմական բլոգերների՝ ուլտրանացիոնալիստների պահանջներին ու քննադատություններին, բայց ոչ միայն:

«Ռուս ռազմական պաշտոնյաների համառ փորձերը՝ ցույց տալ, որ իրենք ակտիվորեն ներգրավված են ռազմական գործողությունների պլանավորման մեջ և վերահսկում են դրանք, հատկապես Ուկրաինայում շոշափելի հաղթանակների բացակայության դեպքում, կարող են նշանակել, որ Ռուսաստանը առաջիկա ամիսներին պատրաստվում է վերսկսել իր հարձակումն Ուկրաինայում»,- գրում են ISW-ի վերլուծաբանները։

Նրանք նման հարձակման նախապատրաստման նշաններ են տեսնում նաև Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այսօր կայանալիք հանդիպման մեջ. ամերիկացի փորձագետները ևս, ինչպես արևելաեվրոպական բազմաթիվ գործընկերները, ենթադրում են, որ Պուտինը կրկին կհամոզի Լուկաշենկոյին ավելի ակտիվ մասնակցել պատերազմին:

Սակայն ռուսական բանակը մոտ ապագայում արդյոք ունակ կլինի՞ հաջողությամբ հարձակվել, ISW-ն լուրջ կասկածներ ունի այս հարցում: 

Մոբիլիզացված պահեստազորայիններն ու ժամկետայինները, փորձագետների կարծիքով, առաջիկա ամիսներին դեռ չեն սովորի կռվել այնքան լավ, որ անցկացնեն արագ և բարեհաջող գործողություններ։ Բացի դրանից, Ռուսաստանում չեն բավականացնում տանկերը, հրետանին և հեռահար զինատեսակները, և այս խնդիրները հազիվ թե լուծվեն այս ձմռանը։

 «Պուտինը, միևնույն է, ձմռանը կարող է մեծ հարձակողական գործողությունների հրաման տալ, բայց կարևոր է չգերագնահատել ռուսական կամ ռուս-բելառուսական միացյալ ուժերի կարողությունը՝ հաջողությամբ իրականացնելու նման գործողությունները»,- գրում է ISW-ն։

 Բացի դրանից, ամերիկացի վերլուծաբանների գնահատականներով, Լուկաշենկոն հազիվ թե համաձայնի ուղարկել իր բանակն Ուկրաինա։