Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ակտիվորեն ռազմական նավահանգիստ է կառուցում Աբխազիայում. վրացական ԶԼՄ

Ռուսաստանն ակտիվորեն նավահանգիստ է կառուցում օկուպացված Օչամչիրիում: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը։

Նավահանգիստը, որը Ռուսաստանը պետք է օգտագործի Վրաստանի օկուպացված հատվածում ռազմանավեր տեղակայելու համար, գործնականում կառուցված է։ Դրոնը արձանագրել է Օչամչիրում աշխատանքների ընթացքը։ Կադրերը «Հակաօկուպացիոն շարժման»-ը տրամադրել են Աբխազիայի բնակիչները։ Կադրերում երևում է շինարարական տեխնիկայի ինտենսիվ շարժը, և պարզվել է, որ այնտեղ աշխատանքներն անընդհատ ընթանում են։

Նավահանգստի տարածքում կարելի է տեսնել նաև նոր կառուցված շենք։ Այն կառուցվել է, ենթադրաբար, այն աշխատակիցներին տեղավորելու համար, որոնք պետք է շահագործեն ռուսական ռազմական օբյեկտը օկուպացված Վրաստանում։

Ռուսաստանը նավահանգստի շինարարությունը ժամանակին ավարտելու մասին հայտարարել էր դեռ մի քանի ամիս առաջ։ Մոսկվայի նպատակն է՝ հնարավորինս արագ ռուսական ռազմանավեր մտցնել նավահանգիստ։

«Հակաօկուպացիոն շարժման» ներկայացուցիչները կարծում են, որ Ռուսաստանը ցանկանում է երկրորդ ճակատ բացել Վրաստանի ժամանակավորապես օկուպացված տարածքում, քանի որ եթե ռուսական նավերը մտնեն նշված նավահանգիստ, ապա այդ վայրը կդառնա Ուկրաինայի լեգիտիմ թիրախը:

 «Սուխումի մեր ընկերների տրամադրած կադրերում պարզ երևում է, որ Օչամչիրի նավահանգստում շինարարական գործընթաց է ընթանում։ 2023 թվականից անջատողական ռեժիմն ակտիվորեն հայտարարում է, որ 2024 թվականին, այսինքն՝ արդեն այս տարի, Օչամչիրի նավահանգիստը պետք է բացվի և շահագործման հանձնվի, բայց արդեն որպես ռազմական նավահանգիստ, որը կկարողանա ապաստան տալ ռուսական ռազմանավերին։ Ռուսներն աշխատում են, շինարարական տեխնիկան շարժվում է ամբողջ պարագծով, ընթանում է այս նավահանգստի պատրաստման բավականին ակտիվ գործընթաց։ Հասկանալի է, որ Ռուսաստանը կփորձի Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Ուստի պետք չէ զարմանալ, որ ուկրաինական ռազմածովային դրոնները կամ հրթիռները Օչամչիրի նավահանգստում կհասնեն ռուսական նավերին»,- ասում է շարժման ղեկավար Դավիթ Կացարավան։

«Հանուն Աբխազիայի» շարժման առաջնորդ Նուկրի Նոդիան ասում է, որ Վրաստանի կառավարությունը պետք է այդ գործընթացում ներգրավի միջազգային գործընկերներին:

«Այդ նավահանգստում վերականգնման գործընթաց է ընթանում, և այն հավանաբար կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ և թիրախ դառնալ Ուկրաինայի համար։ Այս գործընթացն ուղղված է տարածաշրջանում ապակայունացմանը։ Մեր կառավարությունը պետք է այդ գործընթացում ներգրավի բոլոր միջազգային գործընկերներին»,- ասում է Նուկրի Նոդիան։

Այս ֆոնին «Վրացական երազանքը» միայն հայտարարում է, որ իրենք ժամանակավոր օկուպացված տարածքում գործելու հնարավորություն չունեն։

Թարգմանությունը՝ Civic.am-ի։