Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի օդանավակայաններում բոլոր թռիչքները վերադարձել են բնականոն հուն, Սպահանում, Թավրիզում խաղաղություն է․ իրավիճակը` ԻԻՀ-ում

Իրանի օդանավակայաններում բոլոր թռիչքները վերադարձել են բնականոն հուն, Սպահանում, Թավրիզում խաղաղություն է․ իրավիճակը` ԻԻՀ-ում
Տարածաշրջան
15:34, 19 апрель 2024
Սպահանում, Թավրիզում և երկրի այլ քաղաքներում այս պահին խաղաղություն է։ «Սպահանում արևածագի պահերի հրապարակված նկարները ցույց տվեցին, որ այս քաղաքում խաղաղություն է տիրում։ Օդանավակայանների ընկերությունը նաև հայտարարել է, որ «Մեհրաբադ» օդանավակայանում և երկրի այլ օդանավակայաններում բոլոր թռիչքները վերադարձել են բնականոն հուն»։ Այս մասին քիչ առաջ ի պատասխան civic.am-ի հարցի՝  ի՞նչ իրավիճակ է ԻԻՀ-ում, հայտնեց  իրանահայ փորձագետ Սահակ Շահմուրադյանը։ «Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սպահանում մեկ կամ մի քանի մինի ԱԹՍ փորձել են ներթափանցել քաղաքի արևմտյան հատվածում տեղակայված 8-րդ ավիաբազա, որոնք, ըստ երևույթին, կամ ոչնչացվել են իրանական ՀՕՊ-ի կողմից, կամ օդում պայթել են ու ոչ մի լուրջ վնաս չեն պատճառել ավիաբազային։ Զոհեր ու վիրավորներ չկան։ Սա Իսրայելի հերթական փորձերից է։

Ավելի վաղ էլ նման հարձակումներ իրականացվել են իրանական ռազմական և միջուկային օբյեկտների դեմ երկրի խորքերում»,- հաղորդեց փորձագետը։ Նրա խոսքով՝ երկրի որոշ հատվածներում հակաօդային պաշտպանության ակտիվացումից հետո՝ որոշ հնարավոր թիրախների դեմ պայքարելու համար մինչ այժմ օդային սպառնալիքներից բխող կոնկրետ հարվածներ և պայթյուններ չեն գրանցվել:

«Արձանագրված պատկերները ցույց են տալիս երկրի որոշ շրջաններում պաշտպանական թնդանոթների ակտիվությունը, որոնք գործում են որպես պաշտպանական համակարգեր շատ ցածր բարձրության վրա սպառնալիքների դեմ, և դրանց ակտիվությունը լիովին նորմալ է՝ 100% զգոնության վիճակում։ Մինչ այժմ հակաօդային պաշտպանության հրթիռների արձակման մասին տեղեկություններ չկան»,- հայտնեց  փորձագետը։ Նշենք, որ գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին։

Իրանական Press TV հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ Իրանի վրա արտաքին հարձակում ընդհանրապես չի եղել։  Ավելի վաղ CBS News-ը և ABC News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնատար անձանց, հայտնել էին, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Իրանի ուղղությամբ։ Սպիտակ տունն ու Պենտագոնը դա չեն մեկնաբանել։

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքելով տեղի ունեցածին՝ նշել է՝ ռիսկ կա, որ Իրանի և Իսրայելի միջև լարվածությունը կայուն հակամարտության կվերածվի։ «Վտանգ կա, որ լարվածությունը, որը սկսվել է միջազգային իրավունքի խախտումով Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա իսրայելական հարձակմամբ, կարող է վերածվել կայուն հակամարտության՝ վերջին իրադարձություններից հետո: Մենք ուշադիր հետևում ենք դեպքերի զարգացումներին:

Կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են հանգեցնել ավելի լայն հակամարտությունների»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։