Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են Թուրքիայի լողավազաններում վարակվելու վտանգի մասին

Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են Թուրքիայի լողավազաններում վարակվելու վտանգի մասին
Տարածաշրջան
12:41, 26 август 2022
Հանգստացողներին նախազգուշացրել են որակյալ ախտահանման չենթարկվող թուրքական լողավազաններում վարակվելու վտանգի մասին։ Այս մասին Turkiyeturizm-ին հայտնել է թուրք պրոֆեսոր, Բեյքենթի համալսարանական հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների և կլինիկական միկրոկենսաբանության մասնագետ Փոլաթ Էյգյունը։

Փորձագետն ընդգծել է, որ ներկայումս Թուրքիայի հանգստավայրերում նկատվում է հիվանդությունների աճ այնպիսի ախտանշաններով, ինչպիսիք են կոկորդի ցավը, սրտխառնոցը, փսխումը և փորլուծությունը։ Եվ սովորաբար դրանք բոլորը հայտնվում են այն բանից հետո, երբ լողավազաններում լողանում են զբոսաշրջիկները։

«Եթե նախազգուշական միջոցներ չձեռնարկվեն, այնպիսի գործոնները, ինչպիսիք են մանրէները, վիրուսները և մակաբույծները, որոնք հայտնվում են ջրում հիվանդ կամ վիրուսակիր զբոսաշրջիկներից, կարող են առողջ մարդկանց հիվանդությունների պատճառ դառնալ»,- ավելացրել է նա: 

Ավելին, պրոֆեսորը նշել է, որ վատ մշակված լողավազանում լողալուց հետո հանգստացողների մոտ կարող է զարգանալ միջին ականջի բորբոքում։ Փորձագետը նաև զգուշացրել է զբոսաշրջիկներին երկար նստած չմնալ թաց լողազգեստով, քանի որ դա կարող է հանգեցնել միզուղիների ինֆեկցիայի։