Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրախորհրդարանը ՄՔԴ-ին կոչ է անում Լուկաշենկոյին ևս ձերբակալելու օրդեր տալ՝ նրան համարելով Պուտինի հանցակիցը

Եվրախորհրդարանը ՄՔԴ-ին կոչ է անում Լուկաշենկոյին ևս ձերբակալելու օրդեր տալ՝ նրան համարելով Պուտինի հանցակիցը
Ռուսաստան
13:18, 14 сентябрь 2023
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «չարդարացված, անօրինական և անհիմն» ռազմական ագրեսիային։

 Փաստաթղթում ասվում է, որ Բելառուսի իշխանություններն աջակցում են «ատելության բորբոքման հռետորաբանությանը, ապատեղեկատվությանը և քարոզչությանը, որը համապատասխանում է Մոսկվայի նարատիվներին», ինչպես նաև ռուսական զորքերին մատակարարում են զինամթերք ու տեխնիկա և իրենց տարածքում նրանց ու «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության վարձկաններին տրամադրում նաև ռազմական հենակետ։

Բացի դրանից, Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին հանցակից է անվանել Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքներից 2150 երեխաների անօրինական դուրսբերման համար, այդ թվում՝ որբերի, որոնց տեղափոխել են, այսպես կոչված, Բելառուսի ապաքինման ճամբարներ, որտեղ նրանք ենթարկվում են «ռուսիֆիկացման» և գաղափարական մշակման։  

Եվրախորհրդարանի պատգամավորները համարում են, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա ռեժիմի՝ ուկրաինացի երեխաներին բռնի տեղահանելու գործողությունները կարող են հավասարվել մարդկության դեմ ուղղված հանցագործության։ 

«Եվրախորհրդարանը այս ռազմական հանցագործությունների համար Լուկաշենկոյին համարում է նույնքան պատասխանատու, որքան Վլադիմիր Պուտինին և Մարիա Լվովա-Բելովային, և, հետևաբար, Միջազգային քրեական դատարանին կոչ է անում դիտարկել Լուկաշենկոյին նույնպես ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրելու հարցը»,- ասվում է փաստաթղթում։