Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը բացասաբար է վերաբերվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներին. Պեսկով

Ադրբեջանը բացասաբար է վերաբերվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործառույթներին. Պեսկով
Ռուսաստան
15:06, 20 март 2024
Կրեմլը կասկածելի է համարում Եվրամիության դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Լրագրողների հետ զրույցում այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից դիտորդներին անձեռնմխելիություն տրամադրող համաձայնագրի վավերացումը, ինչպես նաև առաքելության ընդլայնումը։

«Այստեղ, թերևս, պետք է կասկածի տակ դնել նման առաքելության պոտենցիալ արդյունավետությունը... Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչվո՞ւմ է Ադրբեջանի կողմից: Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը բավականին բացասաբար է վերաբերվում այս առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ ըմբռնումով կընդունվի»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը ԵՄ առաքելության տեղակայման և գործունեության համատեքստում հայկական կողմի գործողությունները անվանել է «Երևանի միակողմանի որոշում»։ Հայաստանի խորհրդարանը մարտի 20-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագրի նախագիծը։