Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Lufthansa ավիաընկերությունը երկարատև դադարից հետո վերադառնում է Հայաստան

Lufthansa ավիաընկերությունը երկարատև դադարից հետո վերադառնում է Հայաստան
---
17:33, 12 август 2021
Եվրոպական առաջատար Lufthansa ավիաընկերությունը երկար տարիների դադարից հետո կրկին վերադառնում է հայկական շուկա:
Lufthansa ավիաընկերությունների խումբն օգոստոսի 13-ից սկսած ամռանը շաբաթական մինչև 16 չվերթ է իրականացնելու դեպի Երևան:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն  լրագրողների հետ զրույցում ասաց, որ աշխարհի ամենահեղինակավոր ու վստահելի ավիաընկերություններից մեկը վերսկսելու է չվերթներ իրականացնել դեպի Հայաստան:

«Lufthansa խմբի ներկայությունը Հայաստանում բավականին լայն նշանակություն ունի, այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ճանապարհորդել 280 ուղղությամբ՝ դեպի 100 երկիր: Ներկայում, ՀՀ-ում թռիչքներ իրականացնող ավիաընկերություններից որևէ մեկը չի առաջարկում նման բան: Այս համակցումը թույլ կտա Lufthansa խմբին, տարեկան ավելի քան 100 մլն ուղևոր փոխադրել»,- նշեց Մարսելով Վենդեն և հավելեց, որ այս քայլը հնարավորություն կտա տարբեր երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն ավելացնել:
Վենդեն շեշտեց, որ իրենք պատրաստ են աջակցել Lufthansa խմբին բոլոր անհրաժեշտ հարցերում՝ այս նոր ուղղություններում հաջողելու համար:

Ամեն օր չվերթներ են իրականացվելու Երևան-Վիեննա, շաբաթական 3 անգամ՝ Երևան-Ֆրանկֆուրտ, շաբաթական 5 անգամ Երևան Բրյուսել և շաբաթական 1 անգամ՝ Երևան-Քյոլն ուղղություններով:

Lufthansa խմբի Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը նշեց, որ իրենց խմբում կա մի քանի բրենդ՝ «Austrian», «Brussels airlines», «SWISS», «Eurowings», «Lufthansa» ավիաընկերությունները:
«Հաճախորդների պահանջարկի կտրուկ աճը թույլ տվեց մեզ ընդլայնել մեր թռիչքների ժամանակացույցը: Մենք այժմ նոր ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ, որոնք առկա են օդանավերում, բարելավել ենք ենթակառուցվածքները, ինչպես նաև կարողանում ենք նվազեցնել ածխածնի արտանետումների թիվը, ինչը թույլ է տալիս պահպանել շրջակա միջավայրը»,- ասաց Փուլլեմը: 
Lufthansa խմբի ավիաընկերություններից մեկը՝ Eurowings-ը, անցած շաբաթվանից, արդեն իսկ չվերթներ է սկսել իրականացնել դեպի Երևան:  

Lufthansa ավիաընկերությունը Երևան-Մյունխեն երթուղով չվերթներ է իրականացրել 2005 թվականի հուլիսից մինչև 2009 թվականի մարտ ամիսը: Երկարատև դադարից հետո՝ օգոստոսի 13-ից, ավիաընկերությունը կվերսկսի չվերթները Երևան-Ֆրանֆուրտ երթուղով: Օդանավում լինելու է անվճար wifi:

Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Քոինզաքը շեշտեց, որ իրենք դեպի Հայաստան իրականացվելիք չվերթների մասով բավականին մեծ փորձառություն ունեն:
«Ավստրիական ավիաընկերությունն արդեն 20 տարի է ինչ չվերթներ է իրականացնում դեպի Հայաստան: Մեզ համար սա կարևոր օր է, քանի որ Lufthansa ավիաընկերությունը վերադառնում է Հայաստան: Առաջին անգամ Հայաստանում է եղել 1988 թվականի դեկտեմբերին՝ մատակարարվել է 108 տոննա օգնություն (Սպիտակի երկրաշարժի ժամանակ – հեղ.)»,- ասաց Քոինզաքը:
«Արմենպրես»-ի հարցին, արդյոք քննարկումներ կան նաև դեպի Գյումրի չվերթներ իրականացնելու վերաբերյալ, Փուլեմը նշեց, որ դեռևս նման քննարկումներ չկան:

«Այս պահին մենք պլանավորում ենք չվերթներ իրականացնել Երևանից՝ շաբաթական 16 անգամ, տարբեր ավիաընկերությունների միջոցով: Հետո, տեսնենք, թե ինչպես են լինելու զարգացումները, այնուհետև կմտածենք երկրորդ օդանավակայանի մասին: Դեռևս նման քննարկումներ չկան»,- ասաց Փուլլեմը: