Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դեմ հերթական տեղեկատվական դիվերսիան

Հայաստանի դեմ հերթական տեղեկատվական դիվերսիան
---
22:47, 06 октябрь 2021
Հոկտեմբերի 6-ը հերթական անգամ ի ցույց դրեց Հայաստանի պետական տեղեկատվական քաղաքականության լրջագույն բացը՝ համակարգային, օպերատիվ աշխատանքի բացակայությունը, ինչի հետևանքով Հայաստանում պարբերաբար որոշակի հաջողության են հասնում տեղեկատվական տարաբնույթ ներքին և արտաքին «դիվերսիաներ»: Այն, թե ժամանակակից, տեխեկատվական-տեխնոլոգիական աշխարհում ինչ նշանակություն ունի տեղեկատվական քաղաքականությունն ու անվտանգությունը, ավելորդ է անգամ մեկնաբանելը. գրում է 1in.am-ը:

Ադրբեջանը հոկտեմբերի 6-ին տեղեկություն էր տարածել, որ Բաքվից-Նախիջևան օդային կապը այլևս իրականացնում է Հայաստանի տարածքով: Այդ տեղեկությանը զուգահեռ հայկական տեղեկատվական տիրույթում տարածվեց տեղեկություն, թե Իրանն իբրև թե փակել է ադրբեջանական քաղավիացիայի մուտքն իր տարածք, հետևաբար նաև իր տարածքով դեպի Նախիջևան: Այդ տեղեկությունը չուներ ոչ մի պաշտոնական հաստատում, չէր գալիս որևէ պաշտոնական աղբյուրից, բայց Հայաստանի համացանցում տարածվում էր համառորեն, նրբորեն համադրվելով Բաքվից ստացված պաշտոնական տեղեկատվության հետ, որ թռիչքներն այլևս իրականացնում են Հայաստանի օդով:

Այդպիսով, երկու՝ ադրբեջանական պաշտոնական և իրանական աղբյուրներին հղվող կեղծ տեղեկատվությունը Հայաստանում առաջացնում էր հանրային հերթական փոթորիկը, քանի որ ստեղծվում էր տպավորություն, թե Իրանը Ադրբեջանի հետ լարվածության աճին զուգահեռ փակել է իր օդը Բաքվի օդանավերի համար, իսկ Հայաստանը՝ բացել, այսինքն տվել «այլընտրանք»: Ովքեր չեն հետևել արձագանքներին, թերևս չունեն դժվարություն պատկերացնելու, թե այդ իրավիճակը ինչպիսի տրամադրությունների ու մեկնաբանությունների առիթ էր հայկական տեղեկատվական դաշտում: Եվ դա այն դեպքում, երբ՝ Իրանի օդը իբրև թե ադրբեջանական քաղաքացիական թռիչքներիի համար փակելու լուրը կեղծ էր, իսկ Հայաստանի օդային տարածքով Բաքու-Նախիջևան քաղաքացիական թռիչքների մասին տեղեկությունը՝ ոչ արտառոց: Որովհետև, Հայաստանի ու Ադրբեջանի օդային տարածքները երբեք չեն փակվել միմյանց առաջ:Ավելին, Ադրբեջանը նախկին տարիներին պարբերաբար իրականացրել է թռիչքներ Հայաստանի օդային տարածքով, սակայն իքս պահից դադարեցրել դրանք՝ թերևս իր որոշակի նկատառումներով, այդ թվում Հայաստանին տարանցման փող չտալու համար: Թե ինչու՞ է Բաքուն հանկարծ որոշել վերսկսել, իհարե հարց է, որ կարող է հետաքրքրել շատերին: Սակայն, բանն այն է, որ սա Ադրբեջան-Իրան կոնֆլիկտի հետ կապելը թերևս չունի որևէ հիմնավորում: Փոխարենը, այդ կապը Ադրբեջանին տվել է հնարավորություն տեղեկատվական հնարքով  հերթական ներգործությունն անել հայկական հանրության տրամադրությունների վրա, որից էլ հերթական անգամ օգտվեցին Հայաստանի այն ներքին շրջանակները, որոնք առաջնորդվում են «որքան վատ՝ այնքան լավ» տրամաբանությամբ և հաջողության «խաղադրույքը» կատարում հանրային տագնապի, խուճապի, հիասթափության խորացման վրա: Ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ լոկ իշխանություն-ընդդիմության պայքարի հարց չէ, այլ Հայաստանի տեղեկատվական անվտանգության, ինչը պահանջում է պետական տեղեկատվական քաղաքականություն՝ համակարգված, ամբողջական, օպերատիվ, թիրախային, որը սակայն կարծես թե գոյություն չունի, համենայնդեպս 2021 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ: