Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է Երևանում բնակարանների 1 քառ. մետրի միջին գինը. Նախորդ տարվա նոյեմբերին օտարերկրացիների կողմից գնվել է 126 գույք, որից 27-ը՝ հող

Որքա՞ն է Երևանում բնակարանների 1 քառ. մետրի միջին գինը. Նախորդ տարվա նոյեմբերին  օտարերկրացիների կողմից գնվել է 126 գույք, որից 27-ը՝ հող
Տնտեսություն
13:13, 11 январь 2024
2023 թվականի նոյեմբերին ՀՀ-ում  անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 20 հազար  552 գործարք, որից 5 633-ը՝ Երևանում, 5 202-ը՝ մարզերի քաղաքներում, 9 717-ը՝ գյուղերում։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։  Մասնավորապես օտարվել է 7 հազար 207  անշարժ գույք, որից  1 942-ը՝ Երևանում, 1 952-ը՝ մարզերի քաղաքներում, 3 313-ը՝ մարզերի գյուղերում։ Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել է վարձակալության  933 գործարք, որից 598-ը՝ Երևանում,  181-ը՝ մարզերի քաղաքներում,  154-ը՝ գյուղերում։ Գրավադրվել է 2 490 գույք, որից 1 195-ը՝ Երևանում,   676-ը՝ մարզերի քաղաքներում,  619-ը՝ գյուղերում։ 

Օտարերկրյա քաղաքացիների կողմից 2023-ի նոյեմբերին գնվել է 126 գույք, վաճառվել՝ 252-ը։  63 գույք   գնվել է Երևանում, 76-ը՝ վաճառվել։ Մարզերից ամենամեծ թվով գույքը հաշվետու ժամանակաշրջանում գնվել է Կոտայքի մարզում՝ 16 գույք, 35-ն էլ  վաճառվել է։ Հաջորդիվ Արարատի մարզում՝ 10 գույք գնվել է, վաճառվել է 29-ը։ Սահմանամերձ Տավուշում էլ  օտարերկրացիները գնել են 9, վաճառել՝  14 գույք։ Սյունիքում գնել են 1, վաճառել՝ 9 գույք, Արմավիրում  գնել  6, վաճառել՝ 30 գույք։ 

Անշարժ գույք գնած օտարերկրյա քաղաքացիներից 82-ը ՌԴ քաղաքացի է, 16-ը՝ եվրոպական պետությունների, 6-ը՝ ԱՊՀ երկրների, 10-ը՝ Իրանի, 8-ը՝ ԱՄՆ-ի, 4-ը՝ այլ պետությունների։ ՌԴ քաղաքացիների կողմից գնվել է 35 բազմաբնակարան շենքում գտնվող բնակարան, 16 առանձնատուն, 3 հասարակական նշանակության շինություն, 11 ավտոտնակ և 17 հող։ ՀՀ-ում նոյեմբերին հող է   գնել նաև ԱՄՆ 4, Իրանի 3, ԱՊՀ պետությունների 1, այլ պետությունների 2 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ 27 միավոր հող է գնվել օտարերկրացիների կողմից։ 

Բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը նախորդ տարվա նոյեմբերին Կենտրոնում կազմել է 893 հազար 300 դրամ, Արաբկիրում՝ 627 հազար 500 դրամ, Քանաքեռ-Զեյթունում՝ 423 հազար 200 դրամ, Նոր Նորքում՝ 383 հազար 100 դրամ, Ավանում՝ 384 հազար 500 դրամ, Էրեբունիում՝ 395 հազար 300 դրամ, Շենգավիթում՝ 385 հազար դրամ, Դավթաշենում՝ 456  հազար 500 դրամ, Աջափնյակում՝ 398 հազար 300 դրամ, Մալաթիա-Սեբաստիայում՝ 380 հազար դրամ, Նուբարաշենում՝ 224 հազար 200 դրամ։