Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստանյութերը հարյուր անգամներ ավելի քիչ են ռիսկային, քան հակաբիոտիկները. Նախարարը՝ Լուսինե Բադալյանին

Պատվաստանյութերը հարյուր անգամներ ավելի քիչ են ռիսկային, քան հակաբիոտիկները. Նախարարը՝ Լուսինե Բադալյանին
Տնտեսություն
12:14, 08 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:

«Տիկին Ավանեսյան, մի շարք ահազանգեր ենք ստացել, որ կորոնավիրուսի բուժման ընթացքում մի շարք անհամապատասխանություններ կան առաջնային օղակի և հիվանդանոցային բժիշկների նշանակումների մեջ, ինչպես նաև տարբեր բժիշկներ տարբեր պրոտոկոլներով են բուժում, ինչը վախեցնում է մեր հանրությանը: Կա՞ արդյոք մեկ միասնական տարբերակ, որով բոլորը պետք է նշանակումներ անեն»,- դիմելով առողջապահության նախարարին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Նախարարը, պատասխանելով հարցին, ասաց, որ այն շատ ակտուալ է և իրենց ուշադրության կենտրոնում է լինելու ոչ միայն քովիդի, այլև մյուս հիվանդությունների բուժման պարագայում. «Անցյալ տարվա հունվարից արդեն աշխատանքային խումբ կար ձևավորված, որը մշակել էր և արտահիվանդանոցային բուժման վարման ուղեցույցները, և հիվանդանոցային բուժման համար ուղեցույցները: Եվ այս աշխատանքային խումբը, այլ երկրներում, այլ մասնագիտական խորհուրդների կողմից ապացուցողական բժշկության վրա հիմնվելով, փոփոխությունները ներառում է մեր պրոտոկոլների շրջանակներում»:

Առողջապահության նախարարը նկատեց նաև, որ կան քաղաքացիներ, որոնք նույնիսկ չեն դիմում բժշկի, որ գործը հասնի պրոտոկոլին, և սկսում են ինքնաբուժմամբ զբաղվել. «Սա ծայրահեղ մտահոգիչ և վտանգավոր վարքագիծ է: Ես դիմում եմ մեր քաղաքացիներին, խնդրում եմ՝ ինքնաբուժմամբ մի զբաղվեք որևէ պարագայում, իսկ քովիդի պարագայում դա կարող է ուղղակի մահվան հասցնել: Հակաբիոտիկների չարաշահման դեպքում մենք ահավոր վնասներ ենք հասցնում մեր առողջությանը, որոնք ի հայտ կգան հետագայում, իսկ պատվաստանյութերը իրենց կողմնակի ազդեցություններով հարյուր անգամներ ավելի քիչ ռիսկային են, քան հակաբիոտիկները»: