Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զբաղվածության ծրագրերը չեն լուծում խնդիրները և պետք է այլ քաղաքականություն մշակել. Լենա Նազարյանը՝ նախարարին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, խոսելով զբաղվածության ծրագրերի մասին, նշեց, որ դրանք լուրջ քննության առարկա պետք է լինեն: Դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին՝ նա ասաց. «Ծրագրերի բյուջեն արագ սպառվում է, և լինում են քաղաքացիներ, որոնք համապատասխանում են ծրագրերին, բայց այդպես էլ չեն կարողանում օգտվել: Ես կարծում եմ, որ այդ ծրագրերը չեն լուծելու մեր առաջ դրած խնդիրները և պետք է այլ քաղաքականություն մշակել»:

Լենա Նազարյանը հարց ուղղեց. «Կա՞ ինչ-որ մի շեմ, որ շահառուների և գումարային թվի տեսանկյունից այդ շեմից ցածր իմաստ չունի ծրագիր ներկայացնել»:

Պատասխանելով՝ Նարեկ Մկրտչյանը նկատեց, որ վարչապետից ունեն հանձնարական՝ վերանայելու և ուսումնասիրելու զբաղվածության ծրագրերը, որպեսզի հասկանան, թե այդ ծրագրերի սոցիալական ազդեցությունը ո՞րն է եղել, թե արդյոք դրանք խնդիր լուծե՞լ են մեր քաղաքացիների համար: