Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լարս տանող թունելի հորատման աշխատանքներն ակտիվ փուլում են

Լարս տանող թունելի հորատման աշխատանքներն ակտիվ փուլում են
Տնտեսություն
22:08, 18 февраль 2022
Վրաց-ռուսական սահման տանող՝ Վրաստանի ռազմավիրական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի հատվածում 9 կմ երկարությամբ թունելի հորատման և շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այդ մասին գրում է Aliq.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչության տեղեկությունը։

Նշվում է, որ գլխավոր թունելում արդեն հորատվել է 770 մետր, տեղադրվում են երկաթբետոնե սալիկներ։ Ըստ տվյալների՝ տարհանման թունելում այս պահին հորատվել է 2 644 մետր։

Հարկ է նշել, որ այդ ճանապարհը Վրաստանի տարածքով Հայաստանը Ռուսաստանին կապող կարևոր տնտեսական ուղի է համարվում: Ամեն տարի Հայաստանից Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ փոխադրողները մոտ 10 հազար ուղերթ են կատարում, իսկ տարվա գրեթե 4 ամիսներին ձյան և տեղումների պատճառով այս ճանապարհն անանցանելի է:

Նշենք նաև, որ Քվեշեթի-Կոբի նոր, շրջանցիկ ճանապարհի նախագծի ընդհանուր արժեքը 1,2 մլրդ լարի է։ Շինարարությունն իրականացվում է Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ADB, EBRD) ֆինանսական աջակցությամբ։

Նախագծով նախատեսվում է կառուցել 2 գոտով ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել և 1 կամրջի վերականգնում։ Դրանց թվում է Վրաստանի ամենամեծ՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելի կառուցումը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։