Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա կազդեն տնտեսական աճի զգալի դանդաղմամբ՝ առավելապես արդյունաբերության անկման հաշվին. ԿԲ նախագահ. ուղիղ

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության վրա կազդեն տնտեսական աճի զգալի դանդաղմամբ՝ առավելապես արդյունաբերության անկման հաշվին. ԿԲ նախագահ. ուղիղ
Տնտեսություն
15:41, 15 март 2022
«2022թ. փետրվարին և՛ 12-ամսյա, և՛ բնականոն գնաճերը, ԿԲ կանխատեսումներին համահունչ, նվազել են և կազմել համապատասխանաբար 6.5 տոկոս և 6.4 տոկոս»,- այսօր՝ մարտի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։  

«Արտաքին հատվածում, ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայմաններում, Ռուսաստանի տնտեսության  նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ։ Արդյունքում դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում։ ԱՄՆ-ում և եվրոգոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում։ Միաժամանակ մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը։ 

Մարտին Գալստյանի խոսքով՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: «Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին»,- հավելեց նա։ 

Նշենք, որ այսօր ԿԲ խորհուրդը որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1,25 տոկոսային կետով՝ սահմանելով 9,25 տոկոս։