Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշը պայմանավորված է ՌԴ կապիտալի՝ Հայաստան ներհոսքով, բայց նույնիսկ դրա ընդհատման դեպքում տնտեսական անկում չենք գրանցի. տնտեսագետ

Տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշը պայմանավորված է ՌԴ կապիտալի՝ Հայաստան ներհոսքով, բայց նույնիսկ դրա ընդհատման դեպքում տնտեսական անկում չենք գրանցի. տնտեսագետ
Տնտեսություն
18:18, 06 сентябрь 2022
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում 2022 թվականի 7 ամիսներին տնտեսական աճը կազմել է շուրջ 13 տոկոս, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Էականորեն աճել է նաև արտահանումը։

Կենտրոնական բանկը, սակայն, իր կանխատեսումներում շատ համեստ էր։ Ավելին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ԿԲ-ն իր կանխատեսած թվերն ավելի էր իջեցրել՝ ակնկալելով մինչև 2 տոկոս տնտեսական աճ։ Թե ինչո՞ւ տեղի չունեցան տնտեսագետների կանխատեսումները, և որ ավելի կարևոր է՝ տնտեսական ի՞նչ զարգացումներ կարող են սպասվել, Civic.am-ը փորձեց պարզել Արմեն Քթոյանի հետ զրույցում։ 

Տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը, անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին և սպասումներին, ասաց, որ այս ցուցանիշը դրական է համարում, և տնտեսական թե՛ աճը, թե՛ անկումներն ունեն իրենց պատճառները։

«Այո՛, այն գործոնները, որ կային, ցածր տնտեսական աճի համար էին հիմք ստեղծում, բայց կանխատեսումներում չկային այն գործոնները, որ Ռուսաստանից տասնյակ հազարավոր մարդիկ կգային Հայաստան, այստեղ կտեղափոխեին իրենց բիզնեսը, հաշվեհամարներ կբացեին, ծառայություններից կօգտվեին և այլն, ինչը կարելի է համարել այս տնտեսական ակտիվության գլխավոր գործոնը, ինչին կարելի է ավելացնել նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների պայմաններում ՌԴ շուկայում առաջացած բացերը, որոնք հնարավորություն են ստեղծել մեր արտահանողների համար»,- ասաց Արմեն Քթոյանը։ 

Թե արտաքին այդ դրական գործոնների ընդհատվելու պարագայում ինչ տեղի կունենա, Քթոյանն ասաց, որ հիմքեր չի տեսնում, որ կունենանք տնտեսական անկում, բայց թե ինչ ցուցանիշներ կունենանք այդ դեպքում՝ կախված է նրանից, թե այդ գործոնները ինչպես կընդհատվեն։ «Եթե տնտեսական այդ ներարկումները մեր տնտեսությունում դադարեն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտով, դրան հաջորդի ավելի կայուն աշխարհաքաղաքական իրադրության ձևավորումը, ՌԴ-Արևմուտք հակամարտության որոշակի թուլացումը, դրանից մենք կարող ենք շահել, քանի որ ՌԴ-ն Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, և այդ պատժամիջոցներից մենք ևս տուժում ենք։ Այս դեպքում, այո՛, տնտեսական ակտիվությունը կզսպվի, բայց այդ նոր իրողությունը չի բացառվում, որ նպաստավոր լինի այլ դրական զարգացումների համար։ Բայց այնքան բազմագործոն, բարդ, աննախադեպ գործընթացներ են տեղի ունենում, որ դրանց ազդեցությունը կանխատեսելը բավականին բարդ է»,- նշեց տնտեսագետը։  

Քթոյանը, անդրադառնալով գնաճին և դրամի արժևորմանը, նշեց, որ դրամի արժևորման դրական կողմերից մեկը գնաճի զսպման վրա որոշակի ազդեցությունն է, նաև՝ այն բերում է արտաքին պարտքի բեռի՝ դրամով արտահայտված որոշակի թուլացման։ Դրամի արժևորման բացասական կողմն էլ այն է, որ այն ազդում է արտահանման վրա՝ մեծացնելով ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքը։ Բացի դրանից, տրանսֆերտների գնողունակությունն է նվազում թանկ դրամի պայմաններում։ «Եթե ներմուծման համար թանկ դրամը ձեռնտու է, ապա արտահանման համար ձեռնտու չէ։ Չնայած տեսնում ենք, որ արտահանման թվերը բավականին բարձր են, բայց այստեղ դեր է խաղում կրկին այն հանգամանքը, որ ռուսական տնտեսությունում ազատ խորշեր կան, բացի դրանից, համավարակային վերականգնումը դեռ լիարժեք չի ավարտվել։ Դա ևս պետք է նկատի ունենալ։ Հունվար-հուլիսի տվյալներով՝ արտահանումն աճել է մոտ 44 տոկոսով, և էլի այստեղ ինչ-որ պարադոքսալ իրավիճակ է։ Ճիշտ է, էկոնոմիկայի նախարարությունը դա բացատրում է աշխատանքի արտադրողականության աճով, բայց այստեղ կա նաև հետհամաճարակային վերականգնման դերը։ Մենք ունեինք տնտեսական ակտիվության զսպում, և հետհամաճարակային տարում Հայաստանի տնտեսությունը դեռ լիարժեք չէր վերականգնվել։ Եթե մեր հարևան կամ տարածաշրջանային երկրները կարողացան 2021 թվականի ընթացքում վերականգնվել, ապա մեր տնտեսության համար վերականգնումը կանխատեսվում էր մինչև 2022 թվականի առաջին կիսամյակ։ Դա ինչ-որ տեղ նաև այդ վերականգնման պրոցեսն էր, և արդյունքում ունենք արտահանման մոտ 40 տոկոսը գերազանցող մակարդակ՝ արժևորված դրամի պարագայում»,- նշեց Արմեն Քթոյանը։ 

Հայաստանում գնաճի ցուցանիշը 9,3 տոկոս է։ Վերջին երկու ամիսների ընթացքում գնաճը որոշակի դադարել է։ Քթոյանն ասաց, որ գնաճի ցուցանիշը ածանցյալ է աշխարհաքաղաքական պրոցեսներին։ Դրան գումարած հետհամաճարակային ժամանակաշրջանում լոգիստիկայի հետ կապված լուրջ խնդիրներ կային, որոնք հնարավոր չէր լուծել։ «Մինչ պատերազմը նույնիսկ այն կանխատեսումները, որոնք որ արվում էին, առնչվում էին նրան, որ առաջիկա տասնամյակը բոլոր երկրների համար բարձր գնաճի ժամանակահատված է լինելու։ Գնաճն այն ֆենոմենն է, որ դու չես կարող մեկ-երկու տարվա մեջ բերես ինչ-որ կառավարելի տիրույթի, եթե նման խորքային պրոցեսներ են տեղի ունենում»,- ասաց Քթոյանը։ Ըստ տնտեսագետի՝ այսօրվա բոլոր գործոնները նպաստում են բարձր գնաճին՝ մարդկանց հետհամաճարակային նոր վարքագիծը, լոգիստիկ խնդիրները, ռուս-ուկրաինական պատերազմը և այլն։ Թե երբ կվերականգնվի գնաճային մակարդակը՝ Քթոյանը դժվարացավ ասել, սակայն նշեց. «Այս բոլոր գործոնները նպաստում են բարձր գնաճին, մեկ-երկու տարվա ընթացքում այս երկնիշ ցուցանիշները կարող են սահմանափակ միջակայքում հայտնվել, բայց դրանք առաջիկա տասնամյակում ավելի բարձր կլինեն, քան նախորդ տասնամյակում էր»,- ասաց Քթոյանը։ 

Վովա Հակոբյան