Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոքր մոդուլային ատոմային կայանները ինքնաբավ համակարգեր են, որոնք կարող են տեղադրվել փոքր քաղաքներում, գյուղերում․ Ինչ է ենթադրում ՀՀ- ԱՄՆ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության համաձայնագիրը

Փոքր մոդուլային ատոմային կայանները ինքնաբավ համակարգեր են, որոնք կարող են տեղադրվել փոքր քաղաքներում, գյուղերում․ Ինչ է ենթադրում ՀՀ- ԱՄՆ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության համաձայնագիրը
Տնտեսություն
20:40, 01 июнь 2023
Օրերս ԱՄՆ պետքարտուղարությունից հայտարարել էին, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցը, որպեսզի ամրապնդի այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ 

Civic.am-ի հետ զրույցում էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը նշեց, որ փոքր մոդուլային կայանները ինքնավար՝ ինքնաբավ, համակարգեր են՝ 50 մեգաբայթ և ավելի, որոնք կարող են տեղադրվել փոքր քաղաքներում, փոքր գյուղերում՝ էլեկտրաէներգիա մատակարարելու համար․ «Դրանք փակ ցիկլով աշխատող ժամանակավոր կայաններ են։»,-ասաց նա։ 

Փորձագետի դիտարկմամբ՝ փոքր մոդուլային կայանների էֆեկտիվության հարցը հստակ չէ, որովհետև դա նոր հոսք է ատոմային էներգետիկայի համակարգում։ Նշենք, որ այսօր՝ հունիսի 1-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության հարցերով համագործակցության մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով առաջարկվող համագործակցությունն ուղղված է Հայաստանում կարգավորող ենթակառուցվածքի ուժեղացմանը, անձնակազմի ունակությունների ու կարողությունների զարգացմանը, որը կնպաստի ԱԷԿ-ների շահագործման ժամկետի երկարացման, Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման լիցենզավորման փուլերում անվտանգության վերլուծության ու գնահատման իրականացմանը։ 

Արմեն Մանվելյանը խոսելով ատոմակայանների կառուցումից՝ նախ նշեց, որ աշխարհում ատոմակայան կառուցում են Ռուսաստանը՝ «Ռոսատոմը», ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան և Հարավային Կորեան, այնուհետև շեշտեց, որ համաշխարհային շուկայում գերիշխող դերում է «Ռոսատոմ»-ը, քանի որ ռուսական ատոմակայաններն ամենաէֆեկտիվն են ու ամենաէժանը։ «Հայաստանում ատոմային տեխնոլոգիան ռուսական է, իսկ ռուսականն ու ամերիկյանը շատ տարբեր են»,-ասաց էներգետիկ հարցերով փորձագետն ու տեսակետ հայտնեց, որ ըստ այդմ պարզ չէ, թե ինչպես են ամերիկացիները վերապատրաստելու մեր անձնակազմին։ 

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը՝ Արմեն Մանվելյանի խոսքով՝ ամերիկյան ռեակտորները շատ թանկ են՝ մեկ ռեակտորի գինը սկսում է 10 մլրդ դոլարից, մինչդեռ ռուսական ռեակտորները սկսում են 5 մլրդ դոլարից․ «Օրինակ՝ Թուրքիան կառուցեց ռուսական ատոմակայան, որովհետև մյուս ատոմակայանները երկու անգամ են ավելի թանկ են»։ Փորձագետն ընդգծեց նաև, որ արևմտյան պետություններն ընտրել են «կանաչ օրակարգը» և վերջին 15 տարում Արևմուտքում ոչ մի ատոմակայան չի կառուցվել․

«Մինչդեռ ռուսներն ու չինացիները շարունակում են զարգացնել այդ ուղղությունները և նոր տեխոնոլգիաներ են առաջարկում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց, որ Հայաստանը բանակցություններ է վարում տարբեր երկրների հետ, նոր ատոմակայան կառուցելու թեմայով․ «Հայաստանը դիտարկում է, թե տարբեր տեսանկյուններից որն է ավելի շահավետ։ Առաջիկայում ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի Միացյալ Նահանգներ, որպեսզի ավելի մանրամասն ծանոթանա այդ մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորությանը», - ասել էր վարչապետը։

Մոդուլայինների տարբերությունն, ըստ վարչապետի այն է, որ կարելի է մեկ մոդուլ կառուցել, հետո երկրորդը և հնարավորինս, ժամանակի ընթացքում մեծացնել․ «Ասենք կառուցում ենք 70 մեգավատանոց, հետո կտորներով մեծացնում ենք»,-ասել էր նա։ 

Նարա Մարտիրոսյան