Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչական դատարան ընտրական արձանագրությունների կամ արդյունքների վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացվել․ Արամ Վարդևանյանը որոշ տվյալներ չներկայացրեց

Վարչական դատարան ընտրական արձանագրությունների կամ արդյունքների վերաբերյալ հայցադիմումներ չեն ներկայացվել․ Արամ Վարդևանյանը որոշ տվյալներ չներկայացրեց
Իրավունք
15:45, 10 июль 2021

Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 10-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ելույթից հետո նրան հարց ուղղեց դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ խոսելով վստահված անձանց ինստիտուտի ու նրանց դերակատարության վերաբերյալ․ «Քանի՞  վստահված անձ է ունեցել «Հայաստան» դաշինք, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված տեղեկատվության, յուրաքանչյուր քաղաքական ուժի տրվել է վստահված անձանց 6024 վկայական․ դա այդպե՞ս է»։


Արամ Վարդևանյանը նշեց, որ թվաքանակի վերաբերյալ տվյալը կճշտի և կպատասխանի հարցին ընթացս։

«Երբ առկա է լինում իրավիճակ, որ վստահված անձանց հետ զուգահեռաբար համադրվում է նաև այլ կարգավիճակ ունեցող անձանց ներկայությունը ընտրական տեղամասում նույն ուժի կողմից, այնպես ինչպես լինում է խորհրդարանական ուժերի դեպքում, որոնք մասնակցում են քաղաքական գործընթացի՝ ընտրությունների ձևով, ապա գործիքակազմը ավելի ընդգրկուն է դառնում։ Եթե նշվածը չի լինում, ապա իմ գնահատմամբ, առնվազն այն խնդիրների լույսի ներքով, որոնք մենք բարձրաձայնում են, վստահված անձանց գործիքակազմը բավարար չէր կարող լինել»,-ասաց Վարդևանյանը՝ պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյո՞ք բավարար են եղել վստահված անձանց համար նախատեսված գործիքակազմերը՝ վերահսկողություն իրականացնելու համար։
Արևիկ Պետրոսյանը մեկ այլ հարց ևս նշեց՝ հետաքրքրվելով, թե վստահված անձանց գործունեությունը խոչնդոտելու դեպքեր արձանագրվե՞լ են, եթե այո՝ ում կողմից և դաշինքի կողմից ինչ քայլեր են ձեռնարկվել։


«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը պատասխանեց, որ դեպքերից մեկը վերաբերել է նրան, որ վստհված անձին ընտրությունների ընթացքում բերման են ենթարկել ոստիկանության բաժին՝ պարզաբանումներ ստանալու համար։ «Դեպքեր են եղել, որ վստահված անձը ինչ-որ հայտարարություն է կատարել, մոտեցել են ու վստահված անձին հրավիրել ոստիկանության բաժին, ով էլ մերժել է այն, քանի որ վստահված անձը պետք է լինի ընտրատեղամասում, ոչ թե ոստիկանության բաժնում պարզաբանումներ տա։ Բայց ասել, որ դրանք էական, շատ մեծ ծավալի են եղել՝ ոչ»,-ասաց նա։


Դատավորը նաև հարցրեց, թե ընտրական ենթադրյալ խախտումների վերաբերյալ քանի հայց է ներկայացվել դատարան․ «Նույնը հարցը վերաբերում է նաև հաղորդումները իրավասու մարմիններին, ընտրական ենթադրյալ իրավախախտումների հետ կապված։ Որոշակի դասակարգում ունե՞ք, կատարված ամփոփումներ կա՞ն»։


Արամ Վարդևանյանը նշեց, որ կատարված ամփոփումներ չունեն, նախնական տեղեկության համաձայն, ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններ գլխավոր դատախազությանը ընթացս տրամադրվել է։ Այս մասով ևս թիվ չնշվեց։
«Սկսած նախընտրական քարոզարշավի ընթացքից, մինչև դրա ավարտը, մինչև քվեարկության օրը ներառյալ, մեր կողմից հաղորդումներ ներկայացվել են։ Վարչական դատարան ընտրական արձանագրությունների կամ արդյունքների վերաբերյալ հայցադիմումներ, իմ տեղեկություններով, չեն ներկայացվել»,-ասաց նա։
 
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն առանձնացնում է մասնավորապես մեծածավալ վարչական ռեսուրսի, նախընտրական քարոզչության ընթացքում ընտրական գործընթացի հավասարության և ազատության սկզբունքները խաթարող ատելության խոսքի հանգամանքները, ընտրությունների ընթացքում դաշինքի անդամների նկատմամբ քրեական հետապնդման և հարկադրանքի միջոցների անհամաչափ ծավալի միջոցառումների իրականացումը, 23 հազար 790 քաղաքացու ոչ կենսաչափական անձնագրով քվեարկելու հանգամանքը, զորամասում հաշվառված 10933 ընտրողների քվեարկության մասնակցելու հանգամանքը, որոնց ցուցակների ներկայացման, ընտրական տեղամասի կոնկրետ վայրի քվեարկության տվյալները պահվել են գաղտնի: Դաշինքը ներկայացրել է նաև այլ փաստարկներ:


Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:


Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: