Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչո՞վ է պայմանավորված ձեր վստահությունը ներկայիս ԿԸՀ-ի նկատմամբ. Արա Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին

Ինչո՞վ է պայմանավորված ձեր վստահությունը ներկայիս ԿԸՀ-ի նկատմամբ. Արա Զոհրաբյանը՝ Ռուստամ Բադասյանին
Իրավունք
11:02, 13 июль 2021
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 13-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանին՝ հարցնելով, թե նա վստահո՞ւմ է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումներին, ինչին ի պատասխան Բադասյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ վստահելու գործոնը բացարձակ կարևոր չէ, դրանք պարտադիր են կատարման համար: Այդ դիրքորոշումները էական նշանակություն ունեն Հայաստանում ընդհանրապես իրավանորմերի կիրառման, վերլուծության և մեր կյանքի գրեթե բոլոր որոշումներում»:

Արա Զոհրաբյանը, մեջբերելով կառավարության 2018թ. հունիսի ծրագիրը, հարց ուղղեց, թե ինչ է կատարել իշխող քաղաքական թիմը ընտրողների իրական պատկերն ունենալու, կրկնաքվեարկությունը բացառելու համար, ինչին Ռուստամ Բադասյանը ներկայացրեց կատարած ու կատարելիք բարեփոխումները. «Որոշ բաներ հասցրել ենք արել, որոշ բաներ դեռ չենք հասցրել, եթե չենք խոսում կրկնաքվեարկության զանգվածային դեպքերի մասին»:

«Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչը ներկայացրեց նաև ԿԸՀ կազմը, որը գործում էր 2011 թվականից, և հարցրեց. «Ինչո՞վ է պայմանավորված ձեր վստահությունը ներկայիս ԿԸՀ-ի նկատմամբ, երբ ձեր քաղաքական ուժը չի ընդունել նախորդ ընտրությունները և դրանց վերաբերյալ շատ կոշտ վերաբերմունք է արտահայտել»:

Ի պատասխան Ռուստամ Բադասյանն ասաց. «Բարձր դատարան, ես կարծում եմ՝ մենք քաղաքական ելույթները, քաղաքական գնահատականները պետք է տարբերակենք իրավական գործընթացներից և իրավական գնահատականներից»:

Արա Զոհրաբյանը հարց ուղղեց նաև նախընտրական քարոզչության ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության կոչերի մասին և մեջբերեց Վարչական դատարանի վճիռը: «Մենք կարծում ենք, որ ընդհանրապես ատելության խոսքի հետ կապված բերված փաստարկները չպետք է քննարկվեն Բարձր դատարանի կողմից, որովհետև դրա ազդեցությունը ընտրական արդյունքների վրա չկա»: