Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա և նրանց կաշառք տված անձինք
Իրավունք
17:40, 13 ноябрь 2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում  ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1մլն 700 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վար­չական շրջա­նի՝ հրատապ լուծում պահան­ջող ըն­թա­ցիկ աշ­խա­­տանք­ներն ի­րա­­կա­նացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված գազոնային ծածկի հաշվին մայ­­թի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 700.000 ՀՀ դրամ կաշառք:

13.11.2023թ. կաշառք ստացած երկու պաշտոնյաներն ու վերջիններիս կաշառք տված անձանցից երկուսը ձերբակալվել են:

  Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: