Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինը կանչվել են ՀՀ դատախազություն․ նրանց պատկանող գույքի վերաբերյալ Դատախազությունը ուսումնասիրություն է կատարել ու կազմել ամփոփագրեր

ԱՄՆ մեկնած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինը կանչվել են ՀՀ դատախազություն․ նրանց պատկանող գույքի վերաբերյալ Դատախազությունը ուսումնասիրություն է կատարել ու կազմել ամփոփագրեր
Իրավունք
19:30, 13 ноябрь 2023

ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։  Այս մասին civic.am-ը տեղեկացավ  ծանուցումների azdarar.am կայքից։ 
 
Նախկին նախարարն ու նրա կինը Դատախազություն պետք է ներկայանան ս․թ․ դեկտեմբերի 11-ին։ Ծանուցագրերում նշված է, որ նրանց պատկանող գույքի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։ 

 Նշենք, որ Լուսինե Գալաջյանը հաշվառված է Հյուսիսային պողոտա 5-րդ շենք, 31-րդ բնակարան հասցեում, իսկ Վիգեն Սարգսյանը՝  Հյուսիսային Պողոտա 5-րդ շենք, 32-րդ բնակարան հասցեում։  


 Նախորդ տարի այս օրերին հայտնի դարձավ, որ նախկին՝ «նախահեղափոխական նախարար» Վիգեն Սարգսյանը  ԱՄՆ-ում թանկարժեք գույք է ձեռք բերել․ Բելմոնտ քաղաքում գնել է   առանձնատուն՝ ավելի քան 2 միլիոն դոլարով։

Լուրն այս մասին և գույքի գնման  համապատասխան փաստաթուղթը հրապարակել էր ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

 «Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող՝ աշխատում եմ ԱՄՆ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ: Երեք տարի վարձով բնակվելուց հետո կնոջս հետ կայացրինք ծանր որոշում՝ վաճառելու 2013 թվականին, այսինքն՝ իմ՝ պաշտպանության նախարար լինելուց երեք տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երևանում և մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել»,- արձագանքել էր Վ․ Սարգսյանը՝ հավելելով․ «ԱՄՆ-ում իմ տան հասցեն անձամբ եմ հայտնել Հայաստանի պատկան մարմիններին՝ անհրաժեշտության դեպքում ինձ հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար»։


 Վիգեն Սարգսյանը, հիշեցնենք, ԱՄՆ է մեկնել 2019-ի հունիսին, ի դեպ, մեկ տարով՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում լրացուցիչ կրթություն ստանալու։ Նա հայրենիքը լքած երկրորդ պաշտպանության նախարարն է ՌԴ քաղաքացի հանդիսացող Միքայել Հարությունյանից հետո։ Երբ Վ․ Սարգսյանը մեկնում էր ԱՄՆ, շատերը նրա այս քայլը մեկնաբանում էին որպես «երկրից փախչելու» պատրվակ։ Նրա նախորդը՝ Սեյրան Օհանյանը, նույնպես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի «շահառուներից» է՝ վերջինիս պատկանող գույքի օրինականությունը նույնպես  դատարանը վիճարկում է։

 Հիշեցնենք, որ մինչև ՀՀ  պաշտպանության նախարար նշանակվելը Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (2011-2016 թթ․)։ 
 
2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորած Վիգեն Սարգսյանը ԿԸՀ էր ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը: Հայտարարագրում որպես հաշվետու ժամանակաշրջան է նշված 2017 թ․նոյեմբերի 1-ից մինչև 2018 թ․ հոկտեմբերի 31-ը: Սարգսյանը հայտարարագրել է 2 բնակարան Հյուսիսային պողոտայում՝ 159.8 քմ, և Աբովյան փողոցում՝ 117 քմ, 2 ավտոտնակ Հյուսիսային պողոտայում՝ 24 քմ, Աբովյան փողոցում՝ 35 քմ, որպես տրանսպորտային միջոց՝ «Տոյոտա Կորոլա» (2017 թ.) ավտոմեքենա։ Հաշվետու ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 9 միլիոն 424 հազար դրամ և 85 հազար դոլար: Գումարը ստացվել է 4 աղբյուրից. Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից, «Լույս» հիմնադրամից ստացած աշխատավարձից՝ մոտ 5 միլիոն 400 հազար դրամ, և Աբովյան փողոցի վրա գտնվող «Ալեքսանդր» հյուրանոցից ստացած վարձավճարից, որը կազմել է 4 մլն դրամ։ ՀՀԿ նախընտրական շտաբի հավաստմամբ՝ հյուրանոցը Վիգեն Սարգսյանին վճարել է իր աշխատակցին տրված վարձով բնակարանի գումարը: Իսկ այ 85 հազար դոլարը Վիգեն Սարգսյանը նվիրատվություն է ստացել ոմն Արամ Հովհաննիսյանից:
 
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Վիգեն Սարգսյանի դրամական միջոցները կազմել են 5 միլիոն 925 հազար դրամ, 6100 եվրո և 45 հազար դոլար:
 
 Հ․Մ․