Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովսեփ Խուրշուդյանը դատի է տվել ԱԺԲ-ին իրեն զրպարտելու համար և պահանջում է ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել

Հովսեփ Խուրշուդյանը դատի է տվել ԱԺԲ-ին  իրեն զրպարտելու համար և պահանջում է ներողություն խնդրել, փոխհատուցում վճարել
Իրավունք
21:30, 23 апрель 2024
Քաղաքական վերլուծաբան , «Ազատ քաղաքացի»  ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային-ժողովրդավարական բևեռի՝  ի դեմս սույն կուսակցության խորհրդի անդամ Վահե Գասպարյանի։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Հայցվորը խնդրում է դատարանին պարտավորեցնել պատասխանողին զրպարտություն և վիրավորանք հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ներողություն խնդրել և հրապարակել հերքման տեքստն ու դատարանի վճիռը, ինչպես նաև պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում վճարել։

Քաղհայցը Երևանի քաղաքացիական դատարան է մուտքագրվել ապրիլի 22-ին, գործով դատավորն է Արման Օհանյանը։ Նշենք, որ շաբաթներ առաջ Խուրշուդյանը իր էջում ֆոտոխմբագրման գործիքներով մշակված լուսանկար էր հրապարակել, որտեղ պատկերված էր ինքը, կից գրելով. «Անվերջ կարող եմ նայել երեք բանի. բոցկլտացող կրակին, հոսող ջրին և նրան, թե ինչպես են Կրեմլի գործակալները տքնում վարկաբեկել ինձ՝ վրես «Կրեմլի գործակալ» շառը ֆոտոշոփով (թե՞ չատ ՋիՊիՏի-ով) նկարելու փորձերում։

Ուրեմն ճիշտ ճանապարհի վրա եմ ու լավ եմ համապատասխան տեղները մրմռացրել։ Իսկ թե ինչու հենց հիմա սկսեցին դա տարածել՝ կռահեք երեք անգամից»։ Քաղաքագետը հավելել էր նաև, որ իր հետևորդները իրեն են ուղարկել մի տեսանյութ, «որում տեղադրված է այս կեղծ նկարը (ուղեկցող տեքստով, թե բա «համացանցը արձանագրում է ամեն ինչ»), և որից պարզ է դառնում, որ այս կեղծիքի հեղինակը ԱԺԲ-ն էր, որի պաշտոնական էջերից մեկում էլ տեղադրվել է այդ տեսանյութը։ Ու քանի որ այս փնթի սարքված կեղծիքը բացահայտելը մեծ դժվարություն իրենից չի ներկայացնում, ապա որոշել եմ դիմել դատարան՝ ինձ զրպարտելու և վարկաբեկելու փորձի համար դրա հեղինակին/հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հայցով»։

Նկատենք, որ ԱԺԲ-ն վիդեոթողարկումներով  պարբերաբար հանդես է գալիս նաև այլ գործիչների վերաբերյալ «բացահայտումներով»՝ թիրախավորելով նրանց, ովքեր, այսպես ասած, պրոիշխանական դիրքորոշում ունեն և շատ հարցերում սատարում են իշխանությանը։