Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5 մլն դրամը չի կարող կոմպենսացնել առկա ռիսկերը. Դատախազը՝ գրավի դիմաց Գևորգ Լոռեցյանի միջնորդությունը փոխելու մասին

5 մլն դրամը չի կարող կոմպենսացնել առկա ռիսկերը. Դատախազը՝ գրավի դիմաց Գևորգ Լոռեցյանի միջնորդությունը փոխելու մասին
Իրավունք
17:06, 11 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին շարունակվում է կաշառքի գործով մեղադրվող ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի դատաքննությունը։ 

Ինչպես նշեց այս գործով դատախազը, Գևորգ Լոռեցյանի  պաշտպանը առաջնորդվում է այն կանխավարկածով, որ առաջին ատյանում կամ Վերաքննիչ դատարանում շուրջ 10 ամիս հետո՝ հաջորդ տարվա հունիսին, դեռ այս դատաքննությունն ընթանալու է. «Մեղադրանքը վերաորակեց, վերաորակելուց հետո էլ պատիժ նշանակեց: Եվ այդ համատեքստում միջնորդություն է ներկայացնում: Հարգելի դատավոր, սա վկայում է մեկ պարզ բան. պաշտպանության կողմը հստակ նպատակ ունի նիստերը ձգձգել մինչև եկող տարվա առնվազն հունիս ամիսը»:

Նրա խոսքով՝ դեռևս բոլոր վկաները չեն հարցաքննվել. «Բացի դրանից, չմոռանանք, որ այս դատավարության մասնակիցները ոչ միայն վկաներն են, այլև գործով անցնող մյուս երկու ամբաստանյալները, որոնք գտնվում են ազատության մեջ: Այս իմաստով վտանգ կա, որ մյուս ամբաստանյալների հետ կապերն օգտագործելով հնարավոր է ազդել ամբաստանյալների կամ վկաների վրա, նույնիսկ մարդկային խիղճ առաջացնելով: Հարգելի դատավոր, ձեր նախորդ մտահոգությունները այսօր ևս առկա են, դրանք չեն վերացել: Հետևաբար, կարծում եմ, 5 մլն դրամը չի կարող կոմպենսացնել այն ռիսկերը, ինչը իմ կողմից նշվեց, և ինչը արձանագրվել է շուրջ յոթ դատական ակտերով»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, այդ ժամանակ իր վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը և «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» կազմակերպությունների սեփականատեր  Հրաչիկ Քանանյանը մեղադրվում են ԿԳՄՍ նախարարության գնումների գործընթացին միջամտելու փորձ իրականացնելու համար։