Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պաշտպանը միջնորդեց 5 մլն դրամ գրավի դիմաց փոխել Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը

Պաշտպանը միջնորդեց 5 մլն դրամ գրավի դիմաց փոխել Գևորգ Լոռեցյանի խափանման միջոցը
Իրավունք
16:08, 11 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին շարունակվում է կաշառքի գործով մեղադրվող ԿԳՄՍ նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի դատաքննությունը։ 

Դատավարությանը որպես վկա հանդես էին գալիս ԿԳՄՍ նախարարության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Անուշիկ Մարգարյանը և «Լուառ» ՍՊԸ հաշվապահ Քնարիկ Քանանյանը:

Ինչպես նշեց Անուշիկ Մարգարյանը, մրցույթների գործընթացում մարդկային գործոնը բացակայում է, իսկ Քնարիկ Քանանյանն էլ նշեց, որ ամբողջ համակարգը էլեկտրոնային համակարգով է. «Եվ հնարավոր չէ ինչ-որ միջնորդություն անել, որ տվյալ կազմակերպությունը հաղթող ճանաչվի: Դա բացառվում է»:

Նշենք, որ «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» կազմակերպությունների սեփականատեր  Հրաչիկ Քանանյանը, որը մեղադրվում է ԿԳՄՍ նախարարության գնումների գործընթացին միջամտելու փորձ իրականացնելու համար, Քնարիկ Քանանյանի հորփղբայրն է:
Անդրադառնալով  խափանման միջոցը փոխելու հարցին՝ Գևորգ Լոռեցյանի պաշտպանը նշեց, որ այսօր չի կրկնի նախորդ դատական նաիստին ներկայացված հիմքերը և հավելեց, որ այսօր հարցաքննվեց նաև ԿԳՄՍՆ աշխատակից Անուշ Մարգարյանը. «Հետևաբար Անուշ Մարգարյանի վրա ապօրինի ազդեցության մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է»:

Պաշտպանը հավելեց, որ Գևորգ Լոռեցյանը պատրաստ է որպես գրավ տալ 5 մլն դրամ և նշեց այդ առնչությամբ 5 հանգամանք. «Որպես 6-րդ հանգամանք նա նշեց, որ այսօր Գևորգ Լոռեցյանի ծնունդն է. շնորհավորեք նրան»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, այդ ժամանակ իր վարորդ Էդուարդ Հովհաննիսյանը և «Լուառ» ու «Էլիտ Սպրտ» կազմակերպությունների սեփականատեր  Հրաչիկ Քանանյանը մեղադրվում են ԿԳՄՍ նախարարության գնումների գործընթացին միջամտելու փորձ իրականացնելու համար։