Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատակցին սպառնալիքով հանրահավաքին մասնակցել արգելած Գորիսի մշակույթի տան տնօրենն իրեն մեղավոր չի ճանաչում․ այսօր կհրապարակվի գործով վճիռը

Աշխատակցին սպառնալիքով հանրահավաքին մասնակցել արգելած Գորիսի մշակույթի տան տնօրենն իրեն մեղավոր չի ճանաչում․ այսօր կհրապարակվի գործով վճիռը
Իրավունք
12:09, 27 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ շարունակվեց Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն»-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի գործով դատավարությունը։ 

Վերջինիս պաշտպան Րաֆֆի Ասլանյանը պաշտպանական իր ճառում նշեց, որ մեկ վկայի ցուցմունքը չի կարող դիտարկվել բավարար փաստական հանգամանք՝ իր պաշտպանյալին մեղավոր ճանաչելու համար։ Այնուամենայնիվ, եթե դատարանը գտնի, որ դա բավարար հանգամանք է, ապա Հայկ Խաչատրյանի մեղադրանքը պետք է փոխվի, քանի որ, ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը չի խոչընդոտել  քարոզչություն իրականացնել, այլ նկարագրված մեղադրանքը համընկնում է հավաքների մասնակցելուն խոչընդոտելուն, ինչը, ի տարբերություն ծանր հանցագործություն համարվող քարոզչություն իրականացնելուն, դասվում է միջին ծանրության հանցագործության շարքում։

Ամբաստանյալ Հայկ Խաչատրյանը իր վերջին խոսքում նշեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և խնդրում է դատարանին հաշվի առնել հանգամանքը, որ երկու մանկահասակ երեխայի ծնող է և հանդիսանում է նրանց միակ կերակրող։

Մեղադրանքը պաշտպանող դատախազը իր խոսքում նշեց, որ ամբաստանյալի մեղքը ապացուցված է համարում։ 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու համար։ Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 14։30֊ին:

Հիշեցնենք՝ Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը հունիսի 17-ին ձերբակալվել էր՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:

Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել էր, իսկ երկու օր անց՝ դատարանի որոշմամբ կալանավորվել։

Նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը խնդրեց դատարանին մեղավոր ճանաչել Հայկ Խաչատրյանին և պատիժ նշանակել ազատազրկում՝ հինգ տարի ժամկետով։