Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխատողները պետք է ողջամիտ ժամկետում ներկայացնեն ՊՇՌ թեստ կամ պատվաստման վկայական՝ խուսափելու անբարենպաստ հետևանքներից․ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչ

Աշխատողները պետք է  ողջամիտ ժամկետում ներկայացնեն ՊՇՌ թեստ կամ պատվաստման վկայական՝ խուսափելու անբարենպաստ հետևանքներից․ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչ
Իրավունք
13:18, 16 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին ՍԴ-ում վիճարկվեց ԱԺ «Հայաստան» դաշինքի ներկայացրած դիմումը՝ աշխատող քաղաքացիների համար սահմանված 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու կամ պատվաստման փաստը ներկայացնելու՝ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցը: 

ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը հարցեր էր ուղղել պատասխանող կողմին՝  ԱԺ ներկայացուցչին և Առողջապահության նախարարության ներկայացուցչին։ Դատավորը ԱԺ ներկայացուցչին մասնավորապես հարցրել էր վերջերս Աշխատանքային օրենսգրքում կատարված համապատասխան փոփոխությունների մասին, ինչպես նաև մինչև Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները արդյո՞ք նախատեսված է եղել օրենսդրության մեջ աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ համապատասխան կանոնակարգումներ։ 

Պատասխանող ԱԺ ներկայացուցիչն անդրադառնալով հարցին՝ նշեց․ «Աշխատանքային օրենսգրքում և հանրային ծառայության մասին օրենքում կատարված վերջին փոփոխություններով և լրացումներով սահմանավել են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատողի աշխատանքային պայմանագիրը միակողմանիորեն լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքեր։ Որպես աշխատանքի չթույլատրման հիմք է սահմանավել սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված աշխատանքի, ծառայության ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերի բացակայությունը։ Այդ փոփոխություններով նաև աշխատողներին և հանրային ծառայողներին հնարավորություն է տրվել ողջամիտ ժամկետներում փոխել իրենց վարքագիծն ու անբարենպաստ հետևանքներից խուսափել»։ 

ԱԺ ներկյաացուցչի խոսքով՝  անհրաժեշտ փաստաթղթերի չներկայացնելու դեպքում սահմանվել է աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծելու ինքնուրույն հիմք, իսկ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի լիազորությունները կարող են դադարեցվել, կամ նրանք ազատվեն զբաղեցրած պաշտոնից, եթե անձը իր աշխատանքային պարտականությունները կատարելու չթույլատրելու հիմքով ավելի քան 10-ը աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին 3 ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր չի կատարել իր աշխատանքային պարտականությունները․ «Իսկ մինչ նշված փոփոխությունները պատասխանատվության հարցը կարգավորվում էր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով»,-հավելեց նա։ 

Դատավորը Առողջապահության նախարարի ներկայացուցչին խնդրել էր ներկայացնել՝ եթե չեն եղել պատասխանատվություն նախատեսող օրենսդրական կարգավորումներ, ինչպես էր նախարարի հրամանը ուժի մեջ մտնելուց հետո և առաջ տեղեկատվություն տարածվում, որ նախարարի հրամանով ՊՇՌ թեստ հանձնելու կամ թեստավորում չանցնելու դեպքում աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության։

Առողջապահության նախարարի ներկայացուցչի խոսքով՝ առողջապահության նախարարի կողմից սանիտարական կանոնների չպահպանման հետևանքով իրավական հետևանքների առաջացման հարցին անդրադարձ կատարվել է այն դեպքում, երբ օրենքներում փոփոխություն կատարելու փաթեթը մուտքագրվել է Առողջապահության նախարարություն՝ կարծիք ներկայացնելու համար․ «Իսկ սանիտարական կանոնը ինքնին չի նախատեսում իրավական հետևանք՝ աշխատողին աշխատանքից ազատելու հետ կապված»,-հավելեց ներկայացուցիչը։ 

Նա նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանի ուժի մեջ մտնելուց հետո մինչ այժմ կատարվել է 1մլն 503 հազար 468 պատվաստում, որից առաջին դեղաչափը՝ 886474 է, երկրորդ դեղաչափը՝ 616994։ ԱՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ համաճարակային վարակելիության թիվը կտրուկ նվազել է այսօրվա դրությամբ պատվաստման գործընթացի շնորհիվ։