Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եղիշե Կիրակոսյանն ընտրվեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխնախագահ

Այսօր՝ փետրվարի 4-ին, մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը: Խորհրդի նախագահն է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խորհրդի անդամներն են՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ԱԺ ՔՊ կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը: 

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հարց ուղղեց՝ արդյոք խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը դե՞մ է խորհրդի նիստն ամբողջությամբ հրապարակային լինելուն: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ, օրինակ, զինվորական հարցերը քննարկելիս ցանկալի կլինի փակ օրակարգ սահմանել: Վլադիմիր Վարդանյանը ևս համամիտ էր այդ տեսակետին՝ նշելով, որ ազգային անվտանգության կամ պետական անվտանգության հարցեր քննարկելիս ճիշտ կլինի հրապարակային չլինի նիստը: Սակայն «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ չի կարող լինել Սահմանադրական այնպիսի նորմ, որը հանրությունից գաղտնի քննարկելու անհրաժեշտություն լինի, հետևաբար պետք է նիստերն ընթանան հրապարակային: 

Այսօրվա նիստը բաց անցկացնելու հետ կապված առարկություններ չեղան, և որոշվեց նիստը շարունակել հրապարակային: 

Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ խորհրդի կազմում համաձայնել էր ներկա լինել նաև ՄԻՊ-ը, որը, սակայն, ներկա չէ:
 
Արդարադատության նախարարը համոզմունք հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների շրջանակում կքննարկվեն նաև իրավապահ համակարգի վեթինգին վերաբերող, ինչպես նաև դատարանները միմյանց միացնելու վերաբերյալ հարցերը, թեպետ ինքը  դեռևս չունի վերջնական տեսակետ, թե որ դատարանը որին պետք է միանա:

Նշենք, որ նիստի այսօրվա օրակարգում է նաև փոխնախագահ ընտրելու հարցը, ինչպես նաև խորհուրդը պետք է ձևավորի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը Կարեն Անդրեասյանի խոսքով՝ պետք է լինի ապաքաղաքական:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի թե նախագահը, թե փոխնախագահը միայն վարման իրավունք ունեն: Փոխնախագահի ընտրության կարգի համաձայն՝ թեկնածուները պետք է ինքնաառաջադրվեն կամ առաջադրվեն:

ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանն առաջարկեց Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Արթուր Սաքունցն առաջարկեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա չի պատկանում որևէ քաղաքական կուսակցության, ինչպես նաև այն հանգամանքը, որ ղեկավարել է Սահմանադրական բարեփոխումների նախկին հանձնաժողովը:

Վլադիմիր Վարդանյանը ևս առաջադրեց Եղիշե Կիրակոսյանի թեկնածությունը:  

Եղիշե Կիրակոսյանը միաձայն ընտրվեց որպես փոխնախագահ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը ասուլիսի ժամանակ նշել էր, որ սահմանադրական բարեփոխումների մեկնարկի նպատակը Սահմանադրությունն աուդիտի ենթարկելն է, ըստ որի՝ պարզ կլինի՝ արժե՞ սահմանադրական փոփոխություններ անել, թե՞ պետք է սահմանափակվել օրենսդրական փոփոխություններով: