Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը. Խորհրդի անդամների թվում են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները

Հայտնի է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը. Խորհրդի անդամների թվում են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչները
Իրավունք
16:28, 27 январь 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հունվարի 27-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Սահմանադրական բարեփոխումների ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի որոշումը՝ «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին»:

Այսօր ստորագրված որոշմամբ միաժամանակ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների նպատակով ձևավորված նոր մարմնի՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը,  խորհրդի գործունեության կարգը: Սահմանվել է նաև, որ  խորհրդի ձևավորումից հետո երկամսյա ժամկետում ձևավորվում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով: 

Որոշման հավելվածից տեղեկանում ենք, որ Խորհրդի կազմում կլինեն ՀՀ  արդարադատության նախարարը (խորհրդի նախագահ),  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ,  ՀՀ ԱԺ  պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ),  Մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ), ինչպես նաև  Վ. Քոչարյանը՝  ՀՀ  Բարձրագույն դատական խորհրդի անդամ (համաձայնությամբ), Վ. Հովակիմյանը՝  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր (համաձայնությամբ),  Է. Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Մ. Մելքոնյանը՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Ա. Սաքունցը՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Տ. Եգորյանը՝  «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ), Դ. Իոաննիսյանը՝  «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ):   Խորհրդի կազմում որպես լրացուցիչ անդամ՝ առանց քվեարկության իրավունքի, կարող է ընդգրկվել նաև երկու ներկայացուցիչ միջազգային կազմակերպություններից:

Որոշման հավելվածից տեղեկանում ենք նաև, որ Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ընդհանուր համակարգումը, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծերի մշակման նպատակով բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների որոշումը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի և փոփոխությունների նախագծերի հաստատումը և ներկայացումը վարչապետի աշխատակազմ, ինչպես նաև իրեն վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը: 

Նշենք նաև, որ Խորհրդի նախագահը և անդամները Խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

Հեղինե Մանուկյան