Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայցվորը պետք է ապացուցի, որ Փաշինյանի ելույթը խախտել է իր՝ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը. տեսանյութ

Այսօր՝ փետրվարի 28-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական գործով նիստը։

Հայցվոր՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ հարցումներ է ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ պարզելու, թե ինչպես է այդ գործը հայտնվել դատավոր Սերգեյ Սահակյանի վարույթում: «Այսինքն՝ ինչ չափանիշներից ելնելով է դատարանի նախագահը որոշել, որ այս գործը պետք է քննեք Դուք»,- ասաց Հայկ Ալումյանը՝ դիմելով դատավոր Սերգեյ Սահակյանին։  

Ալումյանի խոսքով՝ դատարանի նախագահից ստացված պատասխան գրություններից իրեն պարզ չի դարձել, թե ինչ չափանիշից ելնելով է դատարանի նախագահը որոշել, որ այդ գործը պետք է քննվի հենց այս դատավորի կողմից։ Փաստաբանի դիտարկմամբ՝ գործի բաշխումը տեղի է ունեցել կամայականորեն, և այս կազմով ստեղծված դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան։ 
Դատավոր Սերգեյ Սահակյանն էլ նշեց, որ արդեն իսկ դատարանն իր դիրքորոշումը հայտնել է բարձրացված հարցի վերաբերյալ՝ մերժելով բացարկի միջնորդությունը։

Պատասխանող կողմի փաստաբան Դավիթ Հունանյանը, անդրադառնալով հայցին, ընդգծեց, որ հայցվորը պետք է ապացուցի ինչպես զրպարտության մասը, այնպես էլ այն, որ հայցվորի մոտ առկա է եղել ոչ նյութական վնաս, այսինքն՝ հոգեկան տառապանք։  
Փաստաբան Դավիթ Հունանյանի պնդմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ մեկի պատիվն ու արժանապատվությունը չեն արատավորվել, ինչպես նաև չեն խախտել որևէ մեկի արդար դատաքննության իրավունքը։


Դատարանն այս նիստում համարեց, որ սույն վեճի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի հայցվոր կողմը ապացուցի, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, ինչի հետևանքով հայցվորը կրել է հոգեկան տառապանք։ 

Դատարանն ընդգծեց նաև, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով ներկայացրել է փաստացի տվյալներ՝ այն վերացական չէ, և այն ներկայացվել է հրապարակային եղանակով, ինչպես նաև այդ տվյալներն իրականում արատավորում են Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։

Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել՝ կողմերին տալով հնարավորություն ապացույցներ ներկայացնելու։ Հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 13-ին, ժամը 11։00-ին։
 
Հիշեցնենք, որ 2021թ. մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հասցեագրված հայտարարություններ է արել, որի հիմքով էլ Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան։
Ռոբերտ Քոչարյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանից բռնագանձել 2 մլն ՀՀ դրամ զրպարտության համար, ինչպես նաև ՀՀ-ից հօգուտ իրեն բռնագանձել 2-ական մլն ՀՀ դրամ՝ արդար դատաքննության իրավունքի խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար։