Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել դատարան, Արմեն Գևորգյանն էլ դատարան չէր ներկայացել՝ ԱԺ նիստերով պայմանավորված. տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ՍԴ դիմելու միջնորդություն է ներկայացրել դատարան, Արմեն Գևորգյանն էլ դատարան չէր ներկայացել՝ ԱԺ նիստերով պայմանավորված. տեսանյութ
Իրավունք
13:03, 01 март 2022
Այսօր՝ մարտի 1-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նսիտը։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարան միջնորդություն էր ներկայացրել՝ ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ։ Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ գործի վարույթը հնարավոր է կասեցնել անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները կատարելուց հետո և ընդգծեց, որ ամբաստանյալ Արմեն Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել դատարան ՀՀ-ից ժամանակավորապես բացակայելու համար և այս պարագայում պետք է քննվի այդ միջնորդությունը։ 

«Դատարանը գտնում է, որ նախքան այդ միջնորդության լուծումը, Հայկ Ալումյանի միջնորդությունը չի կարող լուծում ստանալ»,-ասաց Աննա Դանիբեկյանը։ 

Արմեն Գևորգյանը չէր ներկայացել նիստին՝ պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ մարտի 1-ից 4-ը ԱԺ լիագումար նիստեր են և քանի որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին՝ այդ թվում իր անդամակցած հանձնաժողովի նիստերին՝ հետևաբար դիմում է ներկայացրել դատարան իր բացակայությունը հարգելի համարելու համար։ 

ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու Արմեն Գևորգյանի միջնորդությունը՝ Լուսինե Սահակյանի խոսքով՝ վերաբերում է ԵԽԽՎ նախագահության կողմից որոշված 2022թ․ մարտի 14-ին և 15-ին ԵԽԽՎ արտահերթ նիստերով, որոնք կապված են Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։

Մեղադրող կողմը նշեց, որ նախ հասկանալի չէ, թե ինչու ամբաստանյալը չի ներկայացել նիստին՝ մեկնաբանելով, որ ստացվում է ամբաստանյալն ասում է՝ իմ աշխատանքային ժամերին հարմար չէ ներկայանալ նիստերին։ Ինչպես նաև դատախազներն առարկեցին ամբաստանյալի բացակայությամբ միջնորդություն քննելու հարցը։

Արմեն Գևորգյանի բացակայությամբ դատարանը հնարավոր չգտավ քննարկել Արմեն Գևորգյանի ներկայացրած երկրից ժամանակավոր բացակայելու մասին միջնորդությունը, քանի որ նա պետք է պատասխանի դատարանի հարցերին։ 

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց ընդմիջում մեկ ժամ տևողությամբ, որպեսզի պաշտպան Լուսինե Սահակյանը կարողանա կապ հաստատել Արմեն Գևորգյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք կարող է ներկայանալ դատական նիստին։