Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է. նրան մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
14:58, 02 май 2022
«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը՝ մանրամասնելով, որ վերջինս ձերբակալվել է այսօր՝ ժամը 10:30-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս 2020թ նոյեմբերին հարուցված քրեական գործով։

Հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 10-ի գիշերը ՀՅԴ-ական նախկին ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանի ուղղորդմամբ մի խումբ տղամարդիկ ներխուժել էին շենք, որտեղ գտնվում է «Ազատության» գրասենյակը, ինչպես իրենք են հայտարարել, սերվերները ջարդելու, թույլ չտալու մտնել եթեր՝ այդ ընթացքում վիրավորելով լրագրողներին և ազատությունն անվանելով թուրքական ծառայություն։

Երիտասարդներից հաջողվել է ճանաչել միայն մեկին, ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանին։ Խումբը ջարդել էր շենքի մուտքի դուռը, փորձել հարվածներով բացել նաև «Ազատության» գրասենյակի դուռը, քաշքշել «Ազատության» պրոդյուսերին և օպերատորին, նյարդայնացել պարզելով, որ նկարահանվում են, որոշ ժամանակ անց հեռացել՝ տեսնելով, որ լրագրողները զանգահարել են ոստիկանություն։

Ավելի ուշ անվտանգության տեսախցիկների կատարած նկարահանումներից պարզվել էր, որ շենք ներխուժած տղամարդկանց շարքում էր եղել նաև հայտնի դաշնակցական, կրթության նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը, ով նախկինում հյուրընկալվել է «Ազատության» տաղավարում և լավ իմացել, թե շենքի բազմաթիվ գրասենյակներից որտեղ է գտնում «Ազատության» տաղավարը։

Ըստ տեսագրության նա ուղեկցել է տղամարդկանց շենք, ապա տեսնելով, որ ներսում մարդ չկա, բոլորով հեռացել են, որոշ ժամանակ անց արդեն վերադարձել են երիտասարդները՝ առանց Եսայանի։ 

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռ/կ ղեկավարը, Հայաստանի օմբուդսմենը և մի շարք լրագրողական կազմակերպություններ
այսօր դատապարտեցին «Ազատության» գրասենյակի հանդեպ հարձակումը։ Սակայն, փաստորեն, լրատվամիջոցի վրա հարձակումն անպատիժ մնաց։  

Նախօրեին «Հայրենիքի փրկության շարժման» երթի ընթացքում մի խումբ ակցիայի մասնակցիներ հարձակվեցին «Ազատության» լրագրողի և օպերատորի վրա՝ ոտքերով հարվածներ հասցնելով նրանց և հնչեցնելով վիրավորական արտահայտություններ ու հայհոյանքներ։