Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարեցներին ծեծելու գործով ձերբակալված Տարոն Մանուկյանը՝ ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին, մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործով

Տարեցներին ծեծելու գործով ձերբակալված Տարոն Մանուկյանը՝ ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին, մեղադրյալի կարգավիճակ ունի մեկ այլ քրեական գործով
Իրավունք
17:43, 10 май 2022
Գյումրիում նախօրեին տարեց մարդկանց ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Տարոն Մանուկյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին է, առաջին անգամ չէ, որ պատասխանատվության է կանչվում իր հակաօրինական գործողությունների համար։ 

Հիշեցնենք, որ որդի Մանուկյանը, որը մշտապես մասնակցում է ընդդիմության բողոքի ակցիաներին, երթերին, անցյալ տարի այս օրերին էլ էր հրավիրվել Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ «Մեղադրվում եմ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։ Բնականաբար, մեղադրանքին համաձայն չեմ, իսկ սա հերթական անգամ մեր ձայնը լռեցնելու փորձ է, որը շատ եմ նշել, հիմա էլ կասեմ՝ ապարդյուն է լինելու»,- կայքերից մեկին փոխանցել էր  կրտսեր Մանուկյանը։  

Նրանից բացի, անցյալ տարի մայիսին ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվելու ու հարցաքննվելու նպատակով հրավիրվել էր նաև մեկ այլ երիտդաշնակցական՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը։ 

Իսկ ահա ամիսներ անց՝ 2021 թ. նոյեմբերի 19-ին,  Գեղամ Մանուկյանը լուսանկար էր  հրապարակել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստից ու գրել. «Սա էլ կոչվելու է 10-ի դատ։ Տղերքը դատվում են այս իշխանությունների ու Փաշինյանի ձեռքի գործիք դատախազության կողմից, քանի որ խիզախություն են ունեցել, ի շարս հազարավոր այլ քաղաքացիների,  ՀՀ գլխավոր դատախազության դեմ բողոքել Սյունիքում իրավական ամենաթողության ու տասնյակ սյունեցիների բերման ենթարկելու դեմ։ Չեն ընկրկելու մեր ընկերները, քանի որ կա #ԴԻՄԱԴՐՈւԹՅՈւՆ...»։ Ամբաստանյալների  թվում է  նաև պատգամավորի որդի Տարոնը։

Գործով մյուս ամբաստանյալներն են  Արսեն Իշխանի Վարդանյանը, Էմանուել Նորմանդի Սինանիին, Նարեկ Արամի Վերդյանը, Արշակ Աշոտի Սարգսյանը, Սարգիս Եղիազարի Կարապետյանը, Տարոն Գեղամի Մանուկյանը, Մեսրոպ Մնացականի Եղիազարյանը, Աշոտ Հայկազի Հովհաննիսյանը,  Բագրատ Նորիկի Եսայանը, Նարեկ Նահապետի Մանթաշյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով (ՔՕ 258 հոդված, մաս 1): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ըստ «Դատալեքս»-ի՝ այս գործով մի քանի դատական նիստ է նշանակված եղել, առաջիկա նիստն էլ մայիսի 23-ին է։ Այս քրգործով դատավորը Տաթևիկ Գրիգորյանն է։ 

Ե. Ազատյան