Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլյան պատերազմի ժամանակ աշակերտների հավաքած օգնությունը ես Ստեփանակերտ եմ տարել․ դատարանը հարցաքննում է Մանվել Գրիգորյանի կնոջ գործով վկաներին

Ապրիլյան պատերազմի ժամանակ աշակերտների հավաքած օգնությունը ես Ստեփանակերտ եմ տարել․ դատարանը հարցաքննում է Մանվել Գրիգորյանի կնոջ գործով վկաներին
Իրավունք
15:27, 13 апрель 2021
Այսօր՝ ապրիլի 13-ին ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ խարդախության և հափշտակությունների մեջ մեղադրվող Նազիկ Ամիրյանի քրեական գործը։    

Դատարանը շարունակում էր վկաների հարցաքննությունը։ Վկաների շարքում էին Մանվել Գրիգորյանին և Նազիկ Ամիրյանին պատկանող ընկերությունների գլխավոր հաշվապահներից երկուսը, որոնք թեպետ հաստատեցին, որ ընկերությունների հիմնադիրը Մանվել Գրիգորյանն է եղել, սակայն իրենք նրան չեն տեսել գրասենյակում, նա չի միջամտել իրենց հաշվապահական գործին, ինչպես նաև հաշվետու չեն եղել Մանվել Գրիգորյանին։

Ինչ վերաբերում է ընկերություններում կատարված ենթադրյալ խախտումներին, հաշվապահներն ընդգծեցին, որ դրանք չիմացության հետևանք կարող էին լինել։ 

Նրանցից մեկն էլ ընդգծեց, որ սխալները միայն հաշվապահական ծախսերի մեջ է եղել, ուրիշ ոչ մի բանի։

Այսօր դատարան էր հրավիրված նաև Արմավիրի Վարդան Բախշյանի անվան դպրոցի տնօրեն Գևորգ Առաքելյանը։ Նա հստակեցրեց, որ Ապրիլյան պատերազմի օրերին Արմավիր քաղաքի դպրոցների աշակերտների կողմից օգնություն է հավաքվել տուփերով, որոնք պահվել է իր դպրոցի դահլիճում․ «Ես այդ ապրանքները պատերազմի օրերին ուղեկցել եմ Արցախ՝ Ստեփանակերտ, ես անձամբ գնացել եմ, դատարկել ենք ապրանքը պահեստում և վերադարձել եմ Արմավիր ու զեկուցել մարզպետին»,-ասաց նա։ 

Մեղադրող դատախազի հարցին՝ տեսե՞լ եք այն տեսանյութը, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվեց զենք զինամթերք, նաև փաթեթավորված տարատեսակ ապրանքներ՝ բուժօգնության պարագաներ, սնունդ, և այլն, այդ ապրանքների մեջ կայի՞ն ձեր դպրոցի կողմից հավաքագրած ապրանքները՝ դպրոցի տնօրենն արձագանքեց․ «Ոչ չկային, մի քանի անգամ այդ տեսանյութը նայել եմ այդ նպատակով, ինչպես կարող էին այդ ապրանքները լինեին, դրանք ես Ստեփանակերտ էի տարել»։ 
 
Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ՔՕ մի քանի հոդվածներով՝ ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, փոխադրելու, պահելու մեջ, ինչպես նաև խարդախության մեջ, մասնավորապես նրան մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ  հափշտակել է 80% պետական սեփականության բաժնեմաս ունեցող <<Հայապակի>> փակ բաժնետիրական ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը, ունենալով պարտադիր ցուցումներ տալու և որոշումները կանխորոշելու հնարավորություն՝ սեփական շահերից ելնելով <<Հայբյուրեղապակի>> բաց բաժնետիրական ընկերության վերաձևակերպված նույն ընկերությունում կանխամտածված կերպով ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, որի հետևանքով ընկերությանը պատճառել է խոշոր վնաս, ինչես նաև խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակության հատկանիշների բացակայությամբ, Հայաստանի Հանրապետությանը պատճառել է խոշոր չափերի վնաս: