Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ուղարկել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը քննության առնելու համար

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ուղարկել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը քննության առնելու համար
Իրավունք
17:30, 05 апрель 2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով։ 

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս 2019թ․ փոփոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը անձնական երաշխավորությամբ։ Ինչպես նաև օրերս Սահմանադրական դատարանը քննության վերցրեց դատավոր Դավիթ Գրիգորյանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումներն ու ՔՕ 300․1 հոդվածը ճանաչեց հակասահմանադրական։ 
Նշենք, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը կարճել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հարուցված և դատարան ուղարկված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Դատավորի որոշումը ՀՀ գլխավոր դատախազը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան՝ ամբողջությամբ բեկանելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը` գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։ Սակայն Վերաքննիչ դատարանը դատավոր Դավիթ Բալայանի որոշումն անփոփոխ էր թողել։
 
Հիշեցնենք նաև, որ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության վերաբերյալ իր վարույթում քննված դատական գործերով, անձնական դրդումներով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք։

 Իսկ Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին՝ Սերգո Փանոսյանի բողոքի և ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի միջնորդության հիման վրա վարույթում քննված դատական գործերով պաշտոնեական կեղծիքներ կատարելուն։