Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչու ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը բացարկ չի հայտնել Հրայր Թովմասյանին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության հետ կապված

Ինչու ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը բացարկ չի հայտնել Հրայր Թովմասյանին Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության հետ կապված
Իրավունք
16:08, 23 март 2021
Այսօր՝ մարտի 23-ին, Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ 

Դատաքննությանը մասնակցող դատավորների շարքում է նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։  
Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով Հրայր Թովմասյանին՝ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը պետք է բացարկ ներկայացներ, որպեսզի վերջինս չմասնակցեր այս գործի քննությանը․ «Հրայր Թովմասյանը չպետք է մասնակցեր այս գործի քննությանը, նաև այն պատճառով, որ նա իր նախկին գործընկերների հետ դիմել է ՄԻԵԴ և գանգատում նշել է, որ իր նկատմամբ Սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական հետապնդում է իրականացվել, և պատճառը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռ․Քոչարյանի գործն է»,-մեզ հետ զրույցում նշել էր փաստաբանն ու հավելել, որ այս փաստը, որ ՄԻԵԴ դիմած դատավորներն այդպես են դիտարկում՝ շատ կարևոր է այս գործով կողմնակալության ապացուցման համար․ «ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը պետք է Կառավարությունից պահանջի գանգատները և բացարկ ներկայացնի Հրայր Թովմասյանին»։

Ինչպես հայտնի է՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի մասնակցում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ-ում, քանի որ նախկինում եղել է «Մարտի 1-ի» գործով տուժողների պաշտպան։ 

 Civic.am-ը կապ հաստատեց նաև ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչ, Ազգային ժողովի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կարեն Մովսիսյանի հետ։

Կարեն Մովսիսյանն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ինքը 2019թ․ կեսից հետո է լիազորվել, իսկ նախկինում այլ ներկայացուցիչների կողմից են ներկայացվել դիրքորոշումները։ 

Ի պատասխան այն հարցի՝ եթե ՍԴ դատավորների ՄԻԵԴ ուղարկված գանգատները վերցնեիք կառավարությունից՝ բացարկ հայտնելու հիմք կհանդիսանա՞ր, և արդյո՞ք Դուք ունեք նման լիազորություն՝ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչն արձագանքեց․ «Ես պետք է փաստաթղթերը նայեմ, ուսումնասիրեմ նոր այդ հարցին պատասխանեմ։ Կառավարությունը կարող է իր գործառույթը կատարել, դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե չեմ սխալվում այդ հարցով դիրքորոշում է ներկայացրել նաև Արդարադատության նախարարությունը։  Ինչ վերաբերում է իմ լիազորությունների շրջանակին՝ ես նման լիազորություն չունեմ, ես միայն դիրքորոշում եմ հայտնում ԱԺ օրենքի հոդվածի հետ կապված, այսինքն այլ ձևերով ինքնակամ որոշում ներկայացնելու իրավունք չունեմ»։  
Կարեն Մովսիսյանի խոսքով ինքը կոնկրետ լիազորություն է ստանում կոնկրետ գործառույթի հետ կապված, և իր լիազորությունները սահմանում է ՀՀ նախագահը։ 

Նրա խոսքով՝ բացարկ հայտնելու լիազորություն ունեն նաև ՍԴ դատավորները։ 

Նարա Մարտիրոսյան