Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խափանման միջոցը չեզոքացնում եք՝ դատական նիստերի դահլիճից դուրս, ինչո՞ւ եք Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում նիստից դուրս, սա էլ որերորդ անգամ. Բաղդասարյանը՝ Դանիբեկյանին

Ինչու՞ եք Ռոբերտ Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս, Արմեն Գևորգյանինը՝ դատական նիստերի դահլիճում։ Սա էլ որերորդ անգամն է։ Այս մասին հայտարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել ներկայանալ դատական նիստին՝ առողջական խնդիրների պատճառով՝ միևնույն ժամանակ դատարանին ներկայացնելով բժշկակական փաստաթուղթը։ Բացի այդ, ինչպես պարզվեց, Ռոբերտ Քոչարյանին դատարանը թույլ էր տվել հատել ՀՀ սահմանը։ Դատարանի կողմից դատախազությանը փոխանցվել է գրություններ, համաձայն որի՝ դատարանը թույլատրել է՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 5-ը, ապա նաև՝ դեկտեմբերի 6-13-ը ներառյալ Ռոբերտ Քոչարյանին բացակայել ՀՀ-ից։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ առարկելով դատարանի գործողությունների դեմ։

«Ինչի մասին է խոսքը։ Ինչու է դատարանը վարութային բնույթի հարցերը լուծում դատական նիստերի դահլիճից դուրս ՝ աշխատասենյակում։ Խափանման միջոց գրավի պայմաններից մեկը կառավարության որոշման համաձայն սահմանահատման արգելքն է։ Դուք խափանման միջոցը փաստացի չեզոքացնում եք՝ դատական նիստերի դահլիճից դուրս։ Ինչու եք Ռոբերտ Քոչարյանի քաղաքից բացակայելու հարցը քննարկում դատական նիստերի դահլիճից դուրս»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը, ինչին արձագանքելով՝ նախագահողը նախ նշեց, որ դատարանը պարտավոր չէ որևէ պարզաբանում ներկայացնել, ապա ավելացրեց, որ եթե դատարանը բավարար է համարում սահամանահատումը կազմակերպելու համար կողմի ներկայացրած հիմքերը, ապա թույլտվությունը կարող է տալ առանց դատական նիստի` հաշվի առնելով հարցի հրատապությունը։

«Դրա նպատակով դատարանը հարկ չի համարում առանձին նիստ հրավիրել, դրա նպատակահարմարությունը չի տեսնում»,- ասաց Դանիբեկյանը։

Առավել մանրամասն՝ pastinfo.am