Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նույնիսկ հիմա եմ կասկածում, թե ինչի՞ համար եմ հայտարարություն տվել, այն ժամանակ՝ առավել ևս». ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի գործով որպես վկա հանդիսացող Սևան Խաչատրյանը 2013-ին կատարված դեպքի մասով միայն 2019-ին դիմել իրավապահներին

«Նույնիսկ հիմա եմ կասկածում, թե ինչի՞ համար եմ հայտարարություն տվել, այն ժամանակ՝ առավել ևս». ինչո՞ւ է Սերժ Սարգսյանի գործով որպես վկա հանդիսացող Սևան Խաչատրյանը 2013-ին կատարված դեպքի մասով միայն 2019-ին դիմել իրավապահներին
Իրավունք
17:54, 26 январь 2023
Մեկնարկել է Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելը կամ վատնելը։ Սերժ Սարգսյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացել են գործով ամբաստանյալներ Սերգո Կարապետյանը և Սամվել Գալստյանը։ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում հենց Սերգո Կարապետյանի ցուցմունքն էր։

Վկաներից Սևան Քոչարյանը նշեց, որ 2003-2008 թվականների ընթացքում պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում իր ընկերոջը պատկանող ընկերությունը, որի հետ աշխատել է նաև նա, մոտ 60-80 հազար տոննա դիզվառելիք է մատակարարել։ Բացի դրանից՝ գյուղատնտեսության նախարարության հայտարարած մրցույթի շրջանակներում շուրջ 2-3 տարվա ընթացքում ևս մոտ 25 հազար տոննա դիզվառելիք է մատակարարել։ Ըստ վկայի՝ գյուղնախարարությունից իրեն զանգել են և առաջարկել նախարարությանն ապահովել այդ ծավալի դիզվառելիքով, սակայն չկարողացավ ասել, թե որտեղի՞ց կարող էր նախարար Սերգո Կարապետյանն իմանալ, որ ինքը զբաղվում է Հայաստան դիզվառելիքի ներմուծմամբ։  

Վկան նշեց, որ «տեռոր» միշտ եղել է ոլորտում։ «Երբ ես հասնում էի նրան, որ ես էի մտցնում էդ խմբաքանակը, անմիջապես զանգը գալիս էր»,- ասաց Սևան Քոչարյանը՝ նշելով, որ զանգը գալիս էր «Ֆլեշ» ընկերության տնօրենի կողմից, որն իրեն ասում էր, թե ինչո՞ւ է այդ գնով վաճառում, ինչո՞ւ է էժան գնով վաճառում սպառողներին և այլն։ Քոչարյանը նշեց, որ երկու ընկերություն էր Իրանից դիզվառելիք ներմուծում՝ ինքը և Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը, և ինքն էր «Ֆլեշի» մրցակիցն ու խանգարողը։  

Սևան Քոչարյանը նշեց, որ գյուղատնտեսության նախարարության ծրագրին հիմնականում մասնակցել է «Ֆլեշը»։ «Ոչ մրցույթ է հայտարարվել, ոչ գնային առաջարկ է արվել։ Ես 2013-ին շատ զարմացա, որ ինձ դիմեցին»,- ասաց վկան, ապա ավելացրեց. «Նախարարն ինձ ասաց՝ փաստաթղթերը պատրաստի, մրցույթ է լինելու։ Մենք առաջարկեցինք 425 դրամով, եղել է նաև 420 դրամ առաջարկ այլ ընկերության կողմից, բայց հաղթել է 440 դրամ առաջարկող ընկերությունը։ Ես շատ հետո իմացել եմ, որ այդ 440-ն էլ հետո դարձել է 453 դրամ։ 200-300 մլն դրամ ավելի թանկով են գնել, հիմա պետությանը վնաս պատճառվե՞լ է, թե՞ չի պատճառվել։ Սա, եթե հաշվենք, որ 440 դրամով է մատակարարվել, ոչ թե 453-ով»։  

Հարցին՝ եթե Քոչարյանը տվյալ արարքում հանցակազմ է տեսել, համարել է, որ հանցագործություն է տեղի ունեցել, ապա ինչո՞ւ այն ժամանակ չի հայտնել դրա մասին, չի բարձրաձայնել։ Ի պատասխան վկան նշեց, որ այն ժամանակ իմաստ չի տեսել բարձրաձայնելու։ «Նույնիսկ հիմա եմ կասկածում, թե ինչի՞ համար եմ հայտարարություն տվել, այն ժամանակ՝ առավել ևս։ Մտածում էի՝ արդյունք չի լինի։ Եթե դրանից 2 տարի հետո 10 մեքենա ապրանք ես բերում, հետ է գնում, հետո 15 ավտո բերում ես, 45 օր կանգնում է, եթե բերելու էի ու հազարավոր դոլարներով վնաս կրեի... Ես վճարել եմ այդ ապրանքի համար, բերել եմ, հետո այդ ապրանքը հետ է գնում, պարսիկն ասում է՝ ես իմ պայմանագրային պարտավորությունները կատարել եմ, բայց ես վճարել եմ դրա դիմաց»,- ասաց Սևան Քոչարյանը։  

Սևան Քոչարյանը նշեց նաև, որ Բարսեղ Բեգլարյանը իրեն պատկանող «ահաբեկչական խմբի» հետ իր հետ խոսակցություն է ունեցել, մատնացույց արել, որ ինքը՝ Սևան Քոչարյանը, նախ պաշտպանության նախարարությանն է ապրանք մատակարարել, ապա գյուղնախարարությանը, և իրեն սպառնացել են, որ կփակեն, չեն թողնի գործունեություն ծավալել։

Պաշտպանական կողմը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է վկան իր նախաքննական ցուցմունքում նշել, որ բացի գյուղնախարարից՝ հանդիպել է նախարարության մեկ այլ աշխատակցի հետ ևս, իսկ դատարանում նշում է, որ չի հիշում պաշտոնատար այդ անձի անունը։ Վկա Սևան Քոչարյանը ի պատասխան ասաց, որ դրանից գործի բովանդակությունը չի փոխվում, հետո է հետաքրքրվել և իմացել, թե ով է տվյալ աշխատակիցը։ 

Պաշտպանը, վկային հիշեցնելով իր պատասխանները, հետաքրքրվեց, թե ի՞նչ արդյունք էր վերջինս ակնկալում, երբ ասում էր, որ 2013-ին այս հանցագործության մասին  իմաստ չի գտել բարձրաձայնելու, քանի որ արդյունք չի ակնկալել։ Ի պատասխան վկա Սևան Քոչարյանն ասաց. «Դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, ինչի՞ համար եք երկարացնում»։ Դատավորի հորդորից հետո, թե եթե հարցը հնչել է, և այն չի հանվել, անկախ նրանից՝ այդ հարցի պատասխանը բոլորը գիտեն, թե միայն վկան, այնուամենայնիվ վկայից ակնկալվում է հստակ պատասխան, վկան ասաց. «Ես նպատակահարմար եմ գտել դիմել 2019 թվականին։ Մինչև էդ նպատակահարմար չեմ գտել։ Ես ոչ մի ակնկալիք չեմ ունեցել»։ 

«Վատնվել են պետության միջոցները»,- վկան իր ցուցմունքում նման ձևակերպում է արել, ի՞նչ է նկատի ունեցել «վատնվել» ասելով՝ հարցին ի պատասխան Քոչարյանն ասաց. «425 դրամի և 440 դրամի տարբերությունը ես թվերով ասացի։ Նկատի եմ ունեցել, որ 425 դրամով տալու դեպքում 440-ի համեմատ տարբերությունը լինելու էր 200-300 միլիոն դրամ, ուրեմն վատնվել են, չէ՞, պետության միջոցները, որովհետև պետությունն է այդ գումարները տվել»։

Վկայի հարցաքննությունն այսքանով ավարտվեց։ Դատական նիստը ընդմիջվեց 10 րոպեով՝ մինչև հաջորդ վկայի հարցաքննությունը։

Վովա Հակոբյան