Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ քննչական կոմիտեն՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության մասին

ՀՀ քննչական կոմիտեն՝ Դոն Պիպոյի եղբոր սպանության մասին
Իրավունք
22:47, 31 май 2021
2021 թ. մայիսի 31-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Վաղարշապատի հիվանդանոցի Շտապօգնության բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում հրազենային վնասվածքներով տղամարդու դիակ է հայտնաբերվել:
 
Նույն օրը` ժամը 18:30-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ և «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:
 
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձն Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երևան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով մահացել է «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: