Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պիտի էնպես աշխատեին լրագրողները, որ պաշտոնյանին պաշտպանող այս նախագիծը բերելու միտք անգամ չծնվեր»․ ԱԺ ԼՀ պատգամավոր

«Պիտի էնպես աշխատեին լրագրողները, որ պաշտոնյանին պաշտպանող այս նախագիծը բերելու միտք անգամ չծնվեր»․ ԱԺ ԼՀ պատգամավոր
Իրավունք
14:04, 19 февраль 2021
«Հոդված 3» ակումբն այսօր քննարկում էր կազմակերպել «Զրպարտության և վիրավորանքի պատասխանատվության վերաքրեականացման պատճառներն ու հետևանքները» խորագրով։  

ՀՀ դատախազությունն առաջարկում է քրեականացնել հանրային պաշտոնյաների նկատմամբ զրպարտության և վիրավորանքի պատասխանատվությունը, որը 2010 թ-ից ապաքրեականացվել էր և խնդիրը կարգավորվում է բացառապես քաղաքացիական իրավունքի շրջանակում:

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դատախազության հեղինակած նախագիծը, ըստ որի՝ մամուլով կամ հրապարակային այլ եղանակով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելը կամ զրպարտելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կպատժվի տուգանքով` 500 հազարից 3 մլն դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ մինչ 2010թ. Հայաստանում պատվի և արժանապատվության պաշտպանության կարգը քաղաքացիաիրավական և քրեաիրավական շրջանակում էր: Նույն թվականի մայիսին, հանձնառու լինելով ԵԽ 2007 թ. զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ բանաձևի տեղայնացմանը, կատարվեցին օրենսդրական փոփոխություներ, որի արդյունքում զրպարտությունը և վիրավորանքն ապաքրեականացվեցին:

Քննարկման բանախոսներն էին ակումբի հիմնադիր նախկին ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը կարծում է, որ ցանկացած խնդրի պետք է նայել ոչ թե անձի, պաշտոնյայի տեսանկյունից, այլ՝ պետության տեսանկյունից․ «Ի՞նչ է տալու այս նախագիծը մեր պետությանը։ Արդյոք այդ մասին մտածե՞լ են այս նախագծի հեղինակները, թե՞ մտածել են ավելի ընդգծել պաշտոնյայի առավելությունը և նոր կաշկանդումների մեջ դնել լրագրողներին։ Իհարկե, որպես նախկին լրագրող, ես չեմ կարող չանդրադառնալ նաև լրագրության մեջ առկա խնդիրներին, երբ շատ հաճախ են լրագրողները անտեսում «մի վնասիրը», այն ոսկե կանոնները, որոնց մենք տարիներ շարունակ հետևել ենք»։

Տիկին Գրիգորյանի խոսքով՝ այս նախագծով ակնհայտորեն փորձ է արվում շրջանակների մեջ դնելու ազատ խոսքը և աստեղ լրագրողների մեղքը նույնպես կա․ «Պիտի էնպես աշխատեին լրագրողները, որ այս նախագիծը բերելու միտք անգամ չծնվեր»։

Քննարկմանը հրավիրվել են նաև ՀՀ դատախազությունից ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներ, այլ իրավապաշտպաններ և իրավաբաններ, սակայն տարբեր պատճառներով նրանք չէին ներկայացել քննարկպամանը։

Հարցին, թե ո՞րն է նման օրինագծի ի հայտ գալու պատճառը, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ ատելության, բռնության խոսքի, զրպարության և վիրավրոանքի հետ կապված անհանգստությունների հիմնական պատճառները սուր քաղաքական զարգացումներն են և տեղեկտվություն տարածելու մեջ տարբեր անձանց մասնակցության լայն հնարավորությունը։ Նրա խոսքով՝ տեղեկատվական հոսքերի վերահսկողությունը դժվար է մեր օրերում, և երկրում տեղի ունեցող քաղաքական հասարակական զարգացումները, նպաստում են նաև, այսպես ասած, տեղեկատվական փոխանակման «ջղայն» մասնակիցների ակտիվացմանը։

«Փորձել կանխել, որպեսզի լրատվական դաշտում այդ բովանդակությունը նվազի՝ ռեպրեսիվ միջոցների շնորհիվ, կարծում եմ, ապարդյուն է, քանի որ և՛ համացանցը, և՛ սոց․ ցանցերը այնքան շատ հնարավորություններ են տալիս մարդկանց արտահայտվելու, որ միայն պատժելով հարցը չես լուծի։ Այսինքն՝ պետք է ավելի շուտ կենտրոնանալ բուն պատճառը վերացնելու վրա․ կայունացնել քաղաքական միջավայրը Հայաստանում, պաշտոնյաները պետք է ավելի արդյունավետ աշխատեն, պետք է ավելի լավ կազմակերպել հաղորդակցությունը հասարակության, քաղաքացիների հետ»,- նշեց նա։

Նավասարդյանի խոսքով՝ ևս մեկ կարևոր հանգամանք կա՝ քաղաքակրթական ընտրությունը, որը այս նախագծով կարատվում է։ Այն երկրները, որտեղ արմատավորվում են ժողովրդավարական սկզբունքրեը և մարդու իրավունքները առաջնային դեր ունեն, պաշտոնյաները շատ ավելի քիչ են պաշտպանված՝ նաև օրենսդրությամբ զրպարության և վիրավորանքի նկատմամբ, քան այլ քաղաքացիները։ Մենք, փաստորեն, ընտրում ենք հակառակ ճանապարհը և փորձում ենք պաշտոնյաներին ավելի շատ պաշտպանել, քան՝ այլ քաղաքացիներին, ու այստեղ մոտենում ենք եվրասիական քաղաքական և օրենսդրական մշակույթին՝ հեռանալով եվրոպականից։ 

«Սա ազդակ է, որ մեր իշխանությունները զգում են հանրային վստահության լուրջ պակաս և փորձում են պաշտպանվել հանրությունից, փոխարենը համագործակցեն նրա հետ և վերականգնեն այն վստահությունը, որը ձեռք են բերել 2018 թվականի հեղափոխության արդյունքում», - նշում է պարոն Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է քրեականացմանը, դա մի փոքր այլ թեմա է, քանի որ այս առումով բավականին զարգացած և առաջադեմ եվրոպական պետություններ  զրպարտությունը և վիրավորանքը ունեն քրեական մեխանիզմների ներքո և դա քննարկելի հարց է, բայց հենց այս վերջին նախաձեռնությունը, ըստ նրա, հենց սկզբունքային մոտեցման հետ շատ քիչ առընչություն ունի։

 Սյուզի Սիրականյան