Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն

Այնթապ համայնքում ապօրինի օտարված հողերը համայնքին վերադարձնելու համար քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են Պետշահերի վարչություն
Իրավունք
11:46, 12 май 2023
Դատախազը 2023 թվականի մայիսի 10-ին հաստատել է Արարատի մարզի Այնթապ համայնքի (այսուհետ՝ նաև Համայնք) նախկին ղեկավար Կ.Ս.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, լիազորություններն անցնելու և կեղծիք կատարելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի մեղադրական եզրակությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Քրեական վարույթով ձեռք բերված տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն՝ համայնքային շահի պաշտպանության նպատակով հայց հարուցելու համար:  

Հիշեցնենք, որ Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, ներկայում Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող (պաշտոնավարումը կասեցված է) Կ.Ս.-ն 2014 թվականի հոկտեմբերի 14-ին իր եղբորը՝ Հ.Ս.-ին, տրամադրել է պաշտոնական փաստաթուղթ՝ քաղվածք, որում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, որ գյուղապետարանում Հ.Ս.-ի անվամբ գրանցվել է 004 հա տնամերձ հողամաս: Այնուհետև նշված քաղվածքը՝ համայնքի ավագանու որոշման բացակայության պայմաններում, 2014 թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել է Կադաստրի կոմիտեի Մասիսի տարածքային ստորաբաժանում, որի հիման վրա 2014 թվականի հոկտեմբերի 23-ին գրանցվել է Հ.Ս.-ի սեփականության իրավունքը Այնթապ համայնքի 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10/1 հասցեում գտնվող, 0.03676 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Բացի այդ, 2016 թվականի ապրիլի 13-ին քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, օրինականացրել է Այնթապի 17-րդ փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 6 հասցեում գտնվող հողամասի սեփականատեր Ն.Ն.-ի իրավունքները և առողջության համար վտանգ ներկայացնող, արտադրական նշանակության՝ 156.16 քմ մակերեսով անասնագոմն ու տնտեսական պահեստը:

Մեկ այլ դրվագով 2020 թվականի փետրվարի 7-ին Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ, համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն է վաճառել Համայնքի Երևան-Արտաշատ խճուղում գտնվող 435.7 քմ մակերեսով հողամասը, որից 76.16 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, իսկ 23 քմ մակերեսով հողամասը եղել է Համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տարածքը. Կ.Ս.-ն իրեն է վաճառել նաև 52.3 քմ մակերեսով ավտոտնակը, 127.5 քմ մակերեսով տնտեսական շինությունը, 20.1 քմ մակերեսով մետաղական տնակը:

Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 18-ին կրկին համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետի օժանդակությամբ Այնթապ համայնքի Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 85.5 քմ մակերեսով հողամասը, որից 27.5 քմ մակերեսով հողամասը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, և 85.5 քմ մակերեսով տեխսպասարկման կայանն օտարել է Գ.Մ.-ին:

2020 թվականի հուլիսի 27-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի 1-ին շարքում գտնվող 16.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, օտարել է Ա.Ս.-ին:

Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն 2020 թվականի օգոստոսի 4-ին առաջատար մասնագետի օժանդակությամբ 30.9 քմ մակերեսով հողամասի վրա՝ ինժեներատրանսպորտային oբյեկտների oտարման և անվտանգության գոտում ինքնակամ կառուցված 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը ճանաչել է համայնքային սեփականություն և օրինական: Համայնքի ավագանու համապատասխան որոշման բացակայության պայմաններում, գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով Լ.Հ.-ին է վաճառել 30.9 քմ մակերեսով հողամասը, 3 քմ հիմքը, 1.8 քմ պարիսպը:

2020 թվականի նոյեմբերի 30-ին կրկին առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Այնթապ համայնքի նախկին ղեկավարը Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան-Մեղրի մայրուղում գտնվող 3591.4 քմ մակերեսով հողամասը և դրա վրա ինքնակամ կառուցված 815 քմ մակերեսով հասարակական շինությունը, 3.4 քմ մակերեսով պահակատունը, 51 քմ կաթսայատունը, 29.7 քմ մակերեսով պարիսպը և 15.75 քմ մակերեսով ծածկն ուղղակի վաճառքով օտարել է Ա.Ս.-ին:

2020 թվականի դեկտեմբերի 18-ին Այնթապ համայնքի նախկին ղեկավար Կ.Ս.-ն առաջատար մասնագետ Ա.Ի.-ի օժանդակությամբ Համայնքի 9-րդ փողոցում գտնվող 12.8 քմ մակերեսով հողամասը, որը ներառված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի ցանկում, 12.8 քմ մակերեսով ինքնակամ կառուցված խանութն օտարել է Ս.Հ.-ին:

Այնթապ համայնքի նախկին ղեկավարի Կ.Ս-ի նկատմամբ 2023 թվականի ապրիլի 21-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ 7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը՝ 8 դրվագ),  3152 -րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը):